22/05/2024

Ռուսաստանը դուրս գալով Արցախից` բարբաջում է արցախցիների վերադարձի մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ Արցախի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց բնակության վայր, պետք է ապահովվի նրանց իրավունքները եւ իհարկե անվտանգությունը:

Միաժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանը ողջունել է ինտեգրացիայի ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացրել է Բաքուն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն Արցախի հայության վերադարձի իրավունքի եւ անվտանգության մասին է խոսում մի իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը կայացրել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Արցախից վաղաժամ դուրս բերելու որոշում:

Իհարկե այնպես չէ, որ Արցախում այդ կոնտինգենտի առկայությունը՝ հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 19-20-ից հետո, Հայաստան տեղահանված արցախահայության համար լինելու էր անվտանգության համոզիչ երաշխիք եւ թույլ էր տալու որեւէ կերպ մտածել վերադարձի մասին:

Բայց, երբ անգամ այդ կոնտինգենտը չկա, որեւէ կերպ անհնար է պատկերացնել արցախահայության վերադարձ: Ինչ խոսք, ցանկալի է, որ հարցը պահվի միջազգային դերակատարների օրակարգում: Օրեր առաջ վերադարձի մասին խոսվել էր նաեւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում:

Բայց, հասկանալի է, որ միայն խոսակցությունները քիչ են այդ խնդրի այսպես ասած օրակարգայնացման իրական հեռանկարի համար: Այստեղ անշուշտ շատ բան է կախված թե հենց արցախցիների՝ նրանց ներկայացուցիչների, Արցախի կառավարության, խորհրդարանի, գուցե նաեւ ոչ կառավարական ձեւաչափի կառույցների գործողություններից, թե Հայաստանի քաղաքականությունից:

Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ այդ հարցը բոլորովին նոր հարթության մեջ է հայտնվում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո: Խաղաղապահների հեռանալով, բացվում է ձեւաչափային մի տարածություն, ինչը իր հերթին նշանակում ա պատասխանատվության ազատ տարածություն կամ վակուում: Ռուսաստանը դուրս գալլով Արցախից, իրեն դուրս է բերում պատասխանատվության դիրքից՝ անկախ, թե ինչպես էր իրեն պահում այդ դիրքում:

Ավելին, այդ դիրքում չպահելով իրեն դիրքին համարժեք, Ռուսաստանը արժանանում էր քննադատության եւ դառնում խոցելի: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը այսօր հայտարարել է, որ չկար որեւէ վկայություն, որը թույլ տար խոսել ռուսական ներկայության օգտակար դերի մասին:

Հիմա Ռուսաստանը փաստացի հրաժարվում է ներկայությունից, եւ առաջանում է հարց՝ կա՞ օգտակար դեր ստանձնելու պատրաստ որեւէ այլ սուբյեկտ: Խոսելով Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին՝ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին որոշումից մեկ օր անց, Ռուսաստանը ըստ էութան այդ «մարտահրավերն» է նետում միջազգային այլ դերակատարների: Կլինի՞ այդ «ձեռնոցը» վերցնող: