ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 2-8-ը կազմակերպում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում։ «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագիրը ներկայացնում է ԱՄՆ երաժշտական դեսպանների՝ իրենց բազմազանությամբ աչքի ընկնող նոր սերնդին, որոնք համերգասրահներից այն կողմ ձգտում են շփվել աշխարհի այլ վայրերի երաժիշտների ու մարդկանց հետ։
«Սիհասինը» (անվանումը թարգմանաբար նշանակում է «հույս»), որի կազմում հանդես են գալիս մրցանակակիր երաժիշտներ Ջենեդա և Քլեյսոն Բենալիները՝ Արիզոնայում գտնվող Նավահո պետությունից, հանդիսատեսին է ներկայանում իր ցնցող գործիքային ու վոկալ կատարումներով, որտեղ լավագույնս մարմնավորվում են նավահոների ազգագրական երաժշտության և փանք ռոքի տարրեը։ Ջենեդան և Քլեյսոնը քույր ու եղբայր են և հասակ են առել մի այնպիսի միջավայրում, որտեղ կարևորում էին բնապահպանական հարցերը և ջանքեր էին գործադրում Նավահո պետության մշակութային ժառանգության և ավանդական կենսակերպի պահպանման ուղղությամբ։ «Սիհասինի» երաժշտությունը հավասարության, սոցիալական և բնապահպանական արդարության և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հույսն է արտացոլում։
«Մեզ համար պատիվ է համերգներով ներկայանալ Հայաստանում։ Լինելով նավահո (դինե) ցեղի ներկայացուցիչ՝ մենք հանդիսատեսին ուզում ենք ներկայացնել, թե ովքեր ենք մենք՝ բնիկ ամերիկացիներս և համագործակցել ձեր համայնքների ստեղծարար և մշակութային դաշտի գործիչների հետ», – ասաց Ջենեդա Բենալին։
«Մշակութային դիվանագիտության մեր բոլոր նախաձեռնությունների առանցքում ստեղծագործական համագործակցությունն է, ներառումը և հարգանքը մշակութային ժառանգության հանդեպ։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է Հայաստանում ներկայացնել «Սիհասինի» ինքնատիպ երաժշտությունը և հուսով ենք, որ այն հույսի ուղերձ կհղի բոլոր երիտասարդ արվեստագետներին և հատկապես նրանց, ովքեր ներգրավված են մշակութային ժառանգության պահպանության հարցերում», – ասաց դեսպան Քվինը։
«Սիհասինը» համերգներով հանդես կգա Երևանում և Գյումիում
ԱՄՆ դեսպանությունը «Սիհասինի» հայաստանյան շրջագայության՝ համերգների, երաժշտական համագործակցությունների, աշխատարանների, վարպետության դասերի և ջեմ-սեշենների կազմակերպման նպատակով գործակցում է Ordinary Wonder Society և Armenia Vibes կազմակերպությունների հետ։ «Սիհասինի» համերգների համար տոմսեր չեն պահանջվում։ Համերգները տեղի կունենան․
հունիսի 5-ին՝ ժամը 18։00 – Գյումրու «ԹՈՒՄՈ» կենտրոն (ռուֆթոփ) և
հունիսի 7-ին՝ ժամը 20։00 – «Երևանի գինու օրեր» փառատոն։
Ստեղծագործական համագործակցություն և վարպետության դասեր
«Սիհասինի» հայաստանյան շրջագայության ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների և երգահանների համար նախատեսվում են վարպետության դասեր, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն ստեղծագործական գործընթացը և մշակութային ժառանգության պահպանության գործում արվեստագետի ունեցած դերը՝ հիմք ընդունելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ բազմազանությունը, հավասարությունը և ներառումը։ Այս աշխատանքներում մենք կգործակցենք «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի», «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ), Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ։


Բաց մի թողեք
Փոքրիկ Իշխանի մոլորակից դեպի մարդու սիրտը․ Ներկայացումը՝ Դրամատիկական թատրոնում․ Լուսանկարներ
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը