16/07/2024

Գյումրիում եղբայրը uպանել է եղբnրը, քnւյրը ցnւցմnւնք է տվել․ նոր մանրամասներ

Հունիսի 30-ի ժամը 10.06-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխի բաց տրավմա» ախտորոշմամբ Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի մի տնից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն տան բնակիչ 34-ամյա Անդրանիկ Գ.-ին: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են որոշ հանգամանքներ: Անդրանիկ Գ.-ի 33-ամյա եղբայրը Շիրակացու փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա հաղորդում է տվել, որ հունիսի 30-ի ժամը 9-ին արթնացել է 42-ամյա քրոջ օգնության կանչերից ու տեսել, թե ավտոտնակի մոտ ինչպես է եղբայրը՝ Անդրանիկ Գ.-ն, ծեծում նրան: Ինքը քրոջը փախցրել է տան հարակից այգի, ինչից հետո, սակայն, եղբայրը քրոջը քարշ տալով՝ տարել է տուն: Կրկին փորձել է պաշտպանել քրոջը, սակայն եղբայրը վերցրել է խոհանոցային դանակը և հարձակվել քրոջ վրա: Ինքը փորձել է եղբոր մոտից վերցնել դանակը, քաշքշուկի ժամանակ եղբայրն ընկել է, և ձեռքին եղած դանակը մտել է գլուխը:
Նույնաբովանդակ հաղորդում է տվել նաև 42-ամյա քույրը:

Կազմված փաստաթղթերը և 33-ամյա երիտասարդը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

33-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են: