19/02/2025

Ինչո՞ւ Սրբազան շարժման ագիտպրոպը չի հրապարակում Գալստանյանի՝ արևմտյան մամուլին տված հարցազրույցները

Բագրատ Գալստանյանը, ինչպես հայտնի է, տեղական մամուլի հետ գրեթե ամենօրյա, լիուլի շփումներից զատ, ժամանակ առ ժամանակ իր մտքերվ կիսվում է միջազգային քարոզչամիջոցների հետ՝ հարցազրույցներ է տալիս արևմտյան մամուլին։

Համենայն դեպս հաղորդակցման նման ֆորմատի՝ «հարցազրույցի» մասին ավետում է «սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջն ու որպես ապացույց կցում հարցազրույց տալու պրոցեսից ֆոտոկադր։

Երևանում գտնվելու այս ողջ ընթացքում Գալստանյանը պատասխանել է Գերմանիայի Հանրային Ռադիոյի լրագրողների հարցերին, հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր՝ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների զարգացումները լուսաբանող Al-Monitor լրատվականին և, ինչպես վերոհիշյալ ֆեյսբուքյան էջում է նշված՝ «ներկայացրել պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջները և դրված նպատակներին հասնելու ուղիները»։ Սրբազանն օրերս էլ գերմանական Der Spiegel պարբերականի, Պուլիտցերյան կենտրոնի (ԱՄՆ) ներկայացուցիչների հարցերին է պատասխանել: Դե, իսկ երևանյան միտինգների առաջին օրերին, ինչպես գիտենք, հեռավար ասուլիսով հանդես եկավ, որին մասնակցում էին մասնավորապես BBC-ն, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը։ Ճիշտ է, կապը լավ չէր, ինչպես ասում են՝ «բառախլիտ» էր անում, մեկումեջ չէին լսվում սրբազանին ուղղված հարցերը, բայց ոչինչ, կարևորը քարոզչական աժիոտաժ ապահովելն էր։

Նկատենք, որ այս՝ կայացած հարցազրույցներից և ոչ մեկի հղումը այդպես էլ չի հրապարակվել շարժման ֆեյսբուքյան էջում, այդպես էլ հայտնի չէ՝ դրանք արդյոք հրապարակվե՞լ են, թե՞ մնացել են լրագրողների նոթատետրերում։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչպիսի՞ հարցուպատասխան է տեղի ունեցել Գալստանյանի և ՀՀ-ում տեղի ունեցող այս մարած-մարգինալ շարժումով հետաքրքրված արևմտյան թղթակիցների միջև, սրբազանը քանի՞ «բոչկա» է գլորել իշխանության վրա, քանի՞ մեղք է մեղսագրել ու ի՞նչ է ակնկալել հարցազրույց վերցնող թղթակիցների երկրներից՝ մասնավորապես Գերմանիա, ԱՄՆ։

Ուշագրավ է, որ «Harut Germany» անունով ֆեյսբուքյան օգտատերը (հիրավի հայուգենական օգտանուն է), որը ներկայանում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի պատկերով, սրբազանի հերթական հարցազրույցից հետո անհանգստություն էր հայտնել և «թեգելով» «սրբազան պայքար»-ի և Գալստանյանի անձնական ֆեյսբուքյան էջերը՝ գուժել. «Չգիտեմ՝ ով է կազմակերպում Սրբազանի համար արևմտյան մամուլի հետ հարցազրույցները, բայց եթե մաքուր և անկեղծ պայքարողները գիտեն դրանց, խնդրում եմ հեռու պահեք այդ մարդկանց Սրբազանի անմիջական շրջապատից։ Արգելված է «խաչը ձեռքը» պայքարի դուրս եկած մարդուն հարցազրույցներ տալ լիբերալ մամուլին։

ՀԱՍԿԱՑԵՔ՝ սա նույն բանն է, եթե, ասենք, Բայդենը իր նախընտրական պայքարի փուլում հարցազրույց տա, օրինակ, Սոլովյովին կամ Մարգարիտա Սիմոնյանին։ Հասկացա՞ք, թե ինչ «ռումբ եք» դնում Սրբազանի ու ողջ պայքարի տակ։

Հայաստանի թեման հայերի ներքին հարցն է։ Դրսից, այն էլ արևմտյան լիբերալ մամուլը, անելիք չունի այդտեղ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում նման հարցազրույցների/շփումների վնասի չափը, միամիտ պայքարողներ ջան»։

Իրոք որ, էքստրաօրդինար մտածողության տեր անձինք են համակրում այս շարժմանը, ըստ նրանց՝ խաչն ու լիբերալ մամուլը հակոտնյա են։ Ի դեպ, Բագրատ սրբազանը արդեն տևական ժամանակ է, ինչ չի կրում լանջախաչը, նրա պարանցը զարդարում է «սրբազան շարժման» ֆիրմային՝ մանուշակագույն շարֆը։

Հ. Մանուկյան