08/09/2024

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու որոշումը:

Նշենք՝ օրակարգում են նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։

Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը միտված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն։

Որոշման մեջ նշվում է, որ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։

Միաժամանակ կա հավելում, որ նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։

ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարևորությունն աճում է:

«Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումը կնպաստի երկրի դիմակայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,- ասել է Բորելը։