14/12/2024

Այժմ եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը

Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոյի հայաստանյան այցի վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Բաքուն ակնհայտորեն այլ կարծիքի է եւ առաջարկում է խաղաղության պայմանագիրը թողնել եւ կնքել այսպես ասած հիմնարար սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր, նախաստորագրել այն, իսկ հետո շարունակել աշխատանքը ավելի երկար ժամանակ պահանջող խաղաղության պայմանագրի տեքստի նկատմամբ: ԱՄՆ հրապարակային դիրքորոշում չի արտահայտել այդ մոտեցման առնչությամբ:

Վաշինգտոնի համար Բաքվի առաջարկած «մոդելն» ընդունելի՞ է: Առայժմ լռում է նաեւ Երեւանը, փոխարենը հավաստիացնելով հերթական անգամ, որ պատրաստ է սեղմ ժամկետում աշխատել պայմանագրի վրա, ավարտել եւ ստորագրել այն: Սա կարծես թե հնչում է որպես «շրջանակային համաձայնագրի» քաղաքավարական մերժում, թերեւս այն հաշվարկով, որ շրջանակային համաձայնագիրը նշանակելու է առավել մեծ հարաբերականություն ու ժամանակավորություն, քան նույնիսկ ամբողջական խաղաղության պայմանագիրը:

Եթե անգամ ամբողջական պայմանագիրը չի կարող լինել խաղաղության ամբողջական երաշխիք, ապա ինչ ասել այսպես կոչված շրջանակային համաձայնագրի մասին, որը պարզապես Ադրբեջանին կտա կառուցողականության «քարտ-բլանշ»՝ հետագայում գործնական մակարդակում ապակառուցողականությունը շարունակելու համար, Միացյալ Նահանգներին օրինակ կտա միջնորդության որոշակի արդյունք ներկայացնելու հնարավորություն՝ դրա արտաքին կամ ներքին կապիտալիզացիայի հնարավորությամբ, իսկ ի՞նչ կտա Հայաստանին: Գործնականում՝ ոչինչ:

Երեւանը փորձում է շարժվել կանխարգելիչ տրամաբանությամբ, թերեւս իր հերթին դնելով անուղղակկի պայման՝ շրջանակային համաձայնագիր նախաստորագրել հնարավոր է, եթե ստեղծվի հրադադարի խախտման մասին տեղեկությունների համատեղ հետաքննության մեխանիզմ եւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ:

Բայց, դրան էլ չի արձագանքում Բաքուն: Այդ մեխանիզմները բնականաբար դարձյալ որեւէ կերպ չեն կարող լինել բացարձակ կամ խիստ հուսալի, բայց մի կողմից թույլ կտան Հայաստանին ստանալ տեղեկատվական աջակցություն, մյուս կողմից՝ կայունության խնդրի կառավարման թեկուզ փոքր ինչ ավելի բարձր ինստիտուցիոնալ հնարավորություն, շերտ, գիծ:

Այդ ամենով հանդերձ, առավել քան բաց է այլ հարց. երբ ակնառու է, որ խաղաղության պայմանագրի ժամանակը ձգում է Բաքուն, ինչու՞ է ամերիկացի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն գալիս Երեւան, եթե տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում նա պետք է հյուր գնա ժամանակ ձգող կողմին: Թեեւ դա գուցե հռետորական հարց է: