23/12/2024

Միանձնյա սեփականությամբ բնակարան, հողամասեր. ինչ ունեցվածք է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի դրությամբ իր ունեցած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերել 2022 թվականին Երևանում։

Վերջինս Լոռու մարզի Ալավերդի համայնքում ունի նաև միանձյա սեփականությամբ երկու հողամաս, որոնք ձեռք է բերել 2010 և 2019 թվականներին, ինչպես նաև նույն մարզում, բայց Վանաձոր համայնքում, 2007 թվականին գնել է միանձյա սեփականությամբ բնակարան։

Որպես դրամական միջոց նա ներկայացրել է 688 հազար 111.4 դրամ, որը տարեվերջին դարձել է 500 հազար 582.9 դրամ։

Նա ունի 250 հազար դրամ կանխիկ միջոց, որը տարեվերջին դարձել է 350 հազար։

Կյուրեղյանի ընդհանուր եկամուտները կազմել են 11 միլիոն 503 հազար 371 դրամ, որից 992 հազար 951 դրամը նա ստացել է որպես աշխատանքի վարձատրություն «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»-ից, իսկ 10 միլիոն 510 հազար 420 դրամն էլ եղել է ընդդիմադիր պատգամավորի Ազգային ժողովի աշխատավարձը։

Նա ունի նաև բնակարանային վարկ, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 25 միլիոն 339 հազար 933.51 դրամ։

Արմենուհի Կյուրեղյանը ՀՅԴ անդամ է։