20/09/2024

Խմորումներ Տնտեսագիտական համալսարանում՝ ռեկտոր են ընտրելու

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, որն ավարտվել է հուլիսի 28-ին:

Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորի պաշտոնի հավակնորդներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով՝ կա եւս երեք թեկնածու: Իշխանության ցանկալի թեկնածուն ռեկտորի ԺՊ Արմեն Գրիգորյանն է: Թեկնածուներից մեկն էլ ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, 2013-2023թթ՝ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղությամբ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է:

Առաջադրվել է նաեւ տնտեսագիտության դոկտոր, բուհի երկարամյա դասախոս Ատոմ Մարգարյանը: Ի դեպ, մեզ նաև պատմեցին, որ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ իջևանցի Հայկ Քամալյանին էլ են իշխանություններն առաջարկել առաջադրվել, սակայն Քամալյանը մերժել է առաջարկը, պնդելով, որ ռեկտորի աշխատանքն իր ուժերից վեր է:

Ատոմ Մարգարյանին հարցրինք` ինչո՞ւ է որոշել դիմել ռեկտորի թափուր տեղի համար, եթե իշխանություններն արդեն իսկ ունեն իրենց նախընտրելի թեկնածուն, ի վերջո` ինչ է կարծում` ընտրությունը կլինի՞ արդար, եթ հաշվի առնենք, որ խորհրդի կազմում իշխանական ներկայացուցիչներ են, իսկ նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է: Մարգարյանը մեր հարցին ի պատասխան նշեց. «Ես, անկեղծ ասած, նոր եմ Հայաստան վերադարձել, հենց նոր եմ տուն մտել, կարող եմ միայն հետևյալն ասել. Ես չեմ կարող ասել, թե ով օբյեկտիվ կլինի, նման տեսակետ չունեմ, չեմ կարող գուշակություններ անել: Ամեն դեպքում ես առաջադրվել եմ և ակնկալում եմ, որ ընթացակարգերին համապատասխան օբյեկտիվ ընտրություն կլինի»: