Մատենադարանի հավաքածուն կհամալրվի պատմամշակութային և գիտական մեծ արժեք ունեցող երկու ձեռագրով, որոնց ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 148,5 միլիոն դրամ։
Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում՝ հաստատելով անհրաժեշտ գումարը պահուստային ֆոնդից տրամադրելու առաջարկը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը վաճառքի է հանել հինգ ձեռագիր։ Մատենադարանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել ինչպես գնի, այնպես էլ գնման պայմանների շուրջ։
Սկզբնապես հինգ ձեռագրերի համար պահանջվող 600 հազար եվրոյի փոխարեն գինը նվազեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ հարկերն ու մյուս վճարները։ Բացի այդ, սեփականատերը վեց ամսով Մատենադարանին տրամադրել է առաջնահերթ գնորդի կարգավիճակ՝ հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ձեռք բերել մատյանները։
Նախարարի խոսքով՝ ձեռագրերից երկուսն առանձնանում են իրենց բացառիկ նշանակությամբ, ուստի դրանց գնումը նախատեսվում է իրականացնել կառավարության աջակցությամբ։
Առաջին ձեռագիրը 1353 թվականին Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի արժեքը գնահատվել է 250 հազար եվրո։ Այն ներառում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի առանձնահատկություններից է նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը։
Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Նոր Ջուղայում՝ Սպահանում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է։ Այս մատյանի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։
Երկու ձեռագրերի ձեռքբերումը հնարավորություն կտա Մատենադարանի հավաքածուն համալրել բացառիկ պատմական ու գիտական արժեք ունեցող նմուշներով։

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է․ Հայաստանի դպրոցականները կարող են մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ-ում․ ովքեր կարող են դիմել