Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Ես ակնկալում եմ բացատրություններ։ Մեզ հստակ ծրագիր է պետք, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու և լուծելու շատ արագ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միայն թե այդքան էլ պարզ չէ, թե վարչապետն ու՞մ համար է դա հայտարարել: Ո՞վ պետք է լուծի խնդիրը: Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գագերին Բաղրամյանը, ով ի դեպ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է եւ այդ պաշտոնում խորհրդարանի քվեարկությամբ ընտրվել է 2019 թվականին, եւ վերընտրվել՝ 2024-ին, հայտարարել է, որ Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում հաճախակի հոսանքազրկումների պատճառը Երեւանի ՀԷԿ-1-ում տեղի ունեցած վթարն է:
Ըստ նրա, խնդիրը առաջիկայում կկարգավորվի, իսկ շաբաթներ շարունակվող վիճակը ձգվել է, որովհետեւ նորոգման համար անհրաժեշքտ սարքավորումներով բեռնատարները եղել են Լարսի խցանման մեջ, հիմա արդեն հասել են Հայաստան:
Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում չի՞ հետաքրքրվել ՀԾԿ նախագահից, որեւէ ձեւաչափով, թե ի՞նչն է հոսանքի հաճախակի անջատումների պատճառը, որ այժմ հանրայնորեն դնում է էներգետիկ առումով վատ վիճակը խորանալու հարցը:
Հայաստանի քաղաքացիները արդեն ամիսներ է, ինչ ահազանգում են հոսանքի հաճախակի անջատումների մասին, բայց փաստորեն ստացվում է, որ կառավարությունն ու խորհրդարանը այս ամիսների ընթացքում որեւէ պատշաճ արձագանք չեն ցուցաբերում այդ ահազանգերին, որեւէ կերպ չեն փորձում բացատրություն պահանջել համապատասխան կառույցներից, լինի դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ որն ըստ էության պարտավոր էր հենց սկզբից եւ պարբերաբար համապարփակ ու լայնորեն հասանելի տեղեկատվություն ու պարզաբանումներ տրամադրել հանրությանը, թե բաշխիչ էլցանցեր:
Խնդիրն այնքան հին է արդեն, որ վարչապետը ոչ թե պետք է հարց տար, այլ ունենար պատասխաններ, թե ինչ է պետք անել իրավիճակը արագ շտկելու, ընդ որում՝ համակարգայնորեն շտկելու համար, որպեսզի այլեւս չլինեն այդպիսի խնդիրներ: Եթե իհարկե խորքային առումով խնդիրը բոլորովին այլ դաշտում չէ:
Մասնավորապես, ստեղծել էներգետիկ ճգնաժամի «մթնոլորտ», որում կլուծվեն արդեն կարեւորագույն այդ ոլորտում ռեսուրսների եւ սեփականության վերաբաշխման հարցեր: Համենայն դեպս, հանրությունը կամ գործ ունի այդ տարբերակի, կամ պարզապես կառավարման խիստ անարդյունավետության եւ անպատասխանատվության հետ:
Բաց մի թողեք
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Ով է Ադրբեջանի նախագահի խորհրդատուն, բայց ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չպետք է խոսել
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»