12/10/2024

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է Բայդենի և Հարիսի վերաբերյալ Մասկի գրառման մասին

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է X սոցիալական ցանցում միլիարդատեր Իլոն Մասկի գրառման մասին, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ մահափորձեր չեն արվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գորրծակալությունը։

X-ի սեփականատեր Մասկը, որը հարթակում ունի 197 միլիոն հետևորդ, ԱՄՆ նախկին նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո գրառում էր արել թեմայի շուրջ։

«Եվ ոչ ոք նույնիսկ չի փորձում սպանել Բայդենին/Քամալային», – նշել էր Մասկը՝ գրառմանն ավելացնելով հոնքը բարձրացրած էմոջի։

X-ի օգտատերերը քննադատել էին նրան՝ նշելով, որ այդ գրառումը կարող է Բայդենի և Հարիսի դեմ բռնություններ հրահրել։ Մասկը ջնջել է գրառումը, սակայն Գաղտնի ծառայությունը, որի գործն է պաշտպանել ներկա և նախկին նախագահներին, փոխնախագահներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ուշադրություն է դարձրել գրառմանը։

«Գաղտնի ծառությունը տեղյակ է սոցիալական մեդիայում Իլոն Մասկի գրառման մասին, և մեր գործելակերպից ելնելով՝ մենք չենք մեկնաբանում պաշտպանական հետախուզության հետ կապված հարցերը։ Մենք, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Գաղտնի ծառայությունը հետաքննում է բոլոր սպառնալիքները, որոնք վերաբերում են մեր պաշտպանյալներին», – էլեկտրոնային նամակով Reuters-ին հայտնել է ծառայության խոսնակը:

Իլոն Մասկը գրառումը ջնջելուց հետո մեկ այլ գրառում է արել X-ում՝ նշելով, որ կատակում էր։

«Դե ինչ, ես քաղեցի մի դաս, որ եթե ինչ-որ բան ասում ես որևէ խմբի առջև, և նրանք ծիծաղում են, դա չի նշանակում, որ դա նույնքան զվարճալի կլինի X-ում կատարած գրառման տեսքով։ Պարզվում է, որ կատակներն անհամեմատ ավելի քիչ զվարճալի են, եթե մարդիկ չգիտեն դրա համատեքստը, և դա տեղ է հասցվում հասարակ տեքստի միջոցով», – գրել է Մասկը, որն ընտրություններում աջակցում է Թրամփին։

Սպիտակ տան խոսնակ Էնդրու Բեյթսը քննադատել է Մասկին իր նախորդ գրառման համար՝ նշելով, որ բռնությունը պետք է միայն դատապարտել, ոչ թե խրախուսել կամ կատակի թեմա դարձնել։