Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր, հինգ ու վեց հոգով, ԱԺ գնացինք։ Գառնիկն էր, Սերժ Սարգսյանի սանիկն էր, ես էի…
Չէ, սա Թումանյանի հայտնի՝ «Սուտլիկ որսկանը» հեքիաթի տարընթերցումը չէ, այլ դրա հերոսների հետ ահագին նմանություն ունեցող ընդդիմադիր խմբակի՝ գլխավորությամբ Վազգեն Գալստանյանի, խորհրդարան կատարած «սրբազան ուխտագնացության» մասին պատմող նյութ։ Ընդ որում, «սրբազանիստները» որոշել էին ԱԺ այցելել խորհրդանշական օր՝ մեռելոցին։
Ու եթե հայտնի հեքիաթի հերոսները որսի նպատակով էին սար ու ձոր ընկել, ապա սրբազանը ԱԺ էր եկել («սուսուփուս», բայց լրագրողներին հանդիպելով չկարողացավ «կուզեկուզ» անցնել և ստիպված եղավ պատասխանել նրանց հուզող հարցերին) բնավ ոչ էքսկուրսիայի, այլ՝ ԱԺ խմբակցություններին հանդիպելու նպատակով։ Նկատենք՝ մի քանի օրից՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում նախատեսված հավաքին ընդառաջ։
Պարզվեց, որ սրբազանը հասարակական-քաղաքական դաշտի բոլոր՝ «շնչավոր, կիսաշունչ և անշունչ» «պառավների» հետ հանդիպել-պրծել է և որոշել է «վերջին ակորդ» հանդիպել նաև խորհրդարանական ուժերի հետ։
Ընդ որում, ինչպես լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, Գալստանյանն առաջին անգամ չէ, որ հանդիպում էր ընդդիմադիր խմբակցություններին, նրանց ղեկավարներին ու փաստացի ղեկավարներին, իսկ կոնկրետ այս հանդիպման նպատակը խոսել-քննարկելն էր «առաջիկա գործողություններին իրենց որոշակի իմաստով անելիքների մասին, և՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»։
Արդեն գրել ենք, որ «սրբազան պայքարի» համակարգող խորհրդում որոշվել է բաց խաղաքարտերով խաղալ, այն է՝ այլևս չթաքցնել, թե ովքեր են շարժման քաղաքական շահառուները՝ ի դեմս նախկին նախագահների, որոնց էլ պետք է, ըստ էության, այս շարժման հաջողության պարագայում վերադարձվի այն, ինչը պատկանում է ժողովրդին՝ իշխանությունը։ Այն իշխանությունը, որը ուզուրպացված էր ավելի քան 20 տարի, և որին ժողովուրդը վերատիրեց 2018-ին՝ պահելով մինչև օրս։
«Բագրատ ընդ ֆրենդս»-ը՝ արտախորհրդարանական ուժեր և խորհրդարանական ընդդիմադիր կոնտինգենտ, ինչպես հասկացանք, նպատակ ունի խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում գտնել իրավիճակի «քաղաքական լուծման բանալին», որը ենթադրաբար նշանակում է սինխրոնացնել փողոցային գործողությունները ԱԺ մակարդակում տեղի ունենալիք ինչ-որ գործընթացների հետ, որոնք, նկատենք, անհաջող կերպով փորձ է արվել իրականացնել նաև նախկինում։ Ամենայն հավանականությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնում կամ էլ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից կառավարությանն ուղղած ինչ-որ ուղերձ, «կոչ», «հորդոր» կամ հայտարարություն՝ «հրաժարակա՛ն տվեք, հեռացե՛ք» ոճում։
Հարց է ծագում՝ նման նախաձեռնություններով հանդես գալու համար արդյոք շարժման համակարգող խորհուրդը՝ ներառյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ամառային արձակուրդի ժամանակ կատարե՞լ են «տնային առաջադրանքը»՝ հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում շարժման նպատակների շուրջ, աջակիցների բանակի բազմապատկում՝ նվազագույնը 50 հազարի չափով, գործող իշխանության կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, մասնավորապես սահմանազատման գործընթացին ռեալ այլընտրանք հանդիսացող ծրագրի առաջարկում, հանրային վստահություն վայելող թիմի հավաքագրում, որին ծանոթանալով, որի պրոֆեսիոնալ որակներին ծանոթանալով, որի առաջարկած ծրագրին ծանոթանալով հանրությունը կսրբի, կտանի գործող իշխանությանը՝ տեղը նստեցնելով ալտերնատիվ ուժին։ (Ո՞վ է լինելու, ասենք, «սրբազանիստների» պաշտպանության նախարարը, չլինի՞ թե Սեյրան Օհանյանը։ Կամ՝ ո՞վ է լինելու ԱԳ նախարարը՝ չլինի՞ թե 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նրա հետ դաշինք կազմած Վարդան Օսկանյանը։ Իսկ երկար տարիներ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում տնօրեն աշխատած Գառնիկ Դանիելյանի հագով պաշտոնը ո՞րն է լինելու նոր կառավարությունում)։
Եվ, թերևս, լուծման առումով ամենաբարդ խնդիրը՝ արդյոք սրբազանիստներին հաջողվե՞լ է ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար բավարար թվով ձայներ ապահովել։ Մասնավորապես, հետաքրքիր է իմանալ՝ վերջը հաջողվե՞ց կապի դուրս գալ «անորսալի Ջո»-ի՝ Իշխան Զաքարյանի հետ՝ համոզելու միանալ իրենց ավանտյուրային, և կամ՝ կարողացա՞ն հնար գտնել, ՔՊ-ից պատգամավորներ «գողանալ»՝ անվստահության գործընթացը հորով-մորով անելու համար։ Դատելով լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Գալստանյանի կիսատ-պռատ, «ցրողական» պատասխաններից՝ շարժումը աշնան սեզոն է մտել անպատրաստ ու ամառային առաջադրանքը ձախողած։ Եվ, մեծ հավանականությամբ, այս սեզոնին էլ է «լիկվիդ մնալու»։ Մասնավորապես հարցին՝ եկել եք խմբակցությունների հետ անվստահության նախագի՞ծ քննարկեք՝ Գալստանյանն արձագանքել է՝ «ամեն ինչ, ամեն ինչ», ու քննական տոմսը չպարապած ուսանողի պես ընկել խոհափիլիսոփայական զեղումների գիրկը՝ «մեր պայքարը եռաշերտ է, նման չէ մինչև այժմ եղած բոլոր արդար պայքարներին այն իմաստով, որ գոյություն ունի առաջին հերթին հոգևոր, բարոյական շերտը («շերտ» ասելով Գալստանյանը երևի թե իրեն նկատի ունի` որպես հոգևորի և բարոյականի մարմնացում, իսկ նախորդ շարժումները, փաստորեն, առաջնորդել են անբարո և հոգևոր շերտից զուրկ առաջնորդներ-խմբ.): Երկրորդ՝ իր նկարագրով, իր բնույթով ազգային-ազատագրական է, որովհետև չարիքից պետք է ազատագրվենք և մնացած՝ բոլոր դրանից բխած հետևանքներից, և երրորդ՝ քաղաքական լուծումով»։
«Կարծում եք՝ ՔՊ-ականները կանցնեն ձեր կո՞ղմը, քաղաքական լուծումը ենթադրում է խորհրդարանով անվստահություն»՝ դիտարկմանն էլ հոգևորականը տվել է «գիտաֆանտաստիկ» պատասխան՝ «գիտեք՝ ամեն ինչ կյանքում քարի վրա գրված չէ։ Ես գիտեմ, որ ոմանք չեն անցնի, որովհետև իրենց համար իրենց ստանալիք գումարները, մանավանդ 50 հազար հիպոտեկ ունեցողները, որոնք պետք է փակեն մեր կյանքի հաշվին, շատ ավելի կարևոր է, քան պետության գոյությունը»։ Սույն պատասխանը, որն արժանի է նոմինացվել «տարվա բացառիկ մառազմ» անվանակարգում, արտացոլանքն է այն տրամադրությունների ու մթնոլորտի, որոնք առկա են շարժման «խոհանոցում»։ Այն է՝ ՔՊ-ականներին դավադրության մեջ ներքաշելու պլանը մեր համհարզները չեն կարողացել իրագործել (փաստորեն, որոշ ՔՊ-ականներ սիրով կներքաշվեին, բայց հիպոտեկ ունենալու պատճառով որոշել են «նյետ» ասել։ Յա, իրո՞ք,-խմբ.), և ինչպես նախորդիվ, այնպես էլ հետայսու շարժումը առաջ ենք բրթելու «յա բախտի» մարտավարությամբ՝ էղավ, էղավ, չէ՞՝ ջհանդամ, եկող ապրիլ-մայիսին նորից կփորձենք։
Ի դեպ, Գալստանյանը մեկ այլ ցնցող հայտարարություն էլ է արել, որից դատելով՝ պատրաստվում է ոչ թե առաջիկայում լքել «հիմարների նավը» (ինչպես վարվեց շարժման մեկ այլ համաառաջնորդ՝ Սուրեն Պետրոսյանը), ապաշխարել ու վերադառնալ Տավուշ՝ իր հոգևոր ծառայությանը, այլ հավերժանալ որպես փողոցային փրկիչ։ Արքեպիսկոպոսը խոստացել (թե՞ սպառնացել) է՝ եթե անգամ միայնակ մնա, շարունակելու է պայքարը, քանի որ դա իր համար կենսագրության հարց է։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սերժիկից Սերժ դառնալով, ակնոցներից հրաժարվելով, խալերից ձերբազատվելով երկրորդ և երրորդ նախագահներն ի վիճակի եղա՞ն փոխել իրենց իմիջը
Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին