13/10/2024

Շոյգուն գնացել է համոզելու Իրանին, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ

ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն դարձյալ չհայտարարված այցով մեկնել է Իրան: Շոյգուն Թեհրանում էր օգոստոսի 5-ին, որտեղ բանակցությունից անմիջապես հետո մեկնել էր Բաքու:

Այժմ Շոյգուն Թեհրան է մեկնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս կատարած այցից եւ Բաշար Ասադի հետ բանակցությունից հետո: Բարդ է ասել, պլանավորա՞ծ էր նրա այցը Թեհրան, թե՞ դրա անհրաժեշտությունն առաջացել է Դամասկոսում բանակցությունից հետո:

Մի բան կասկածից վեր է, որ ռեգիոնը լայն իմաստով շարունակում է եփվել դիվանագիտական-քաղաքական եւ ռազմա-քաղաքական ինտենսիվ այցերով: Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր, Ադրբեջան էին ժամանել ամերիկյան եւ բրիտանական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես հայտնի Ռիչարդ Մուրը՝ ՄԻ6-ի տնօրենը, որը մտերիմ է Թուրքիայի նախագահի հետ:

Նրա այցից հետո Բաքու է այցելել Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, իսկ Անկարա մեկնել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը: Հայաստան ժամանեց Ֆրանսիայի արտգործնախարարը, իսկ նրա հետ բանակցությունից ժամեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական մեկօրյա այցով մեկնեց Թբիլիսի եւ բանակցություն վարեց այդ երկրի վարչապետ Կոբախիձեւի հետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ նախ Նիկոլ Փաշինյանի, մի քանի օր անց՝ Իլհամ Ալիեւի հետ: Ակնհայտ է, որ դիվանագիտական, ռազմա-քաղաքական այդ գերակտիվությունը պայմանավորված է էական օրակարգերով, որոնք բնականաբար իրենց ուղղակի, թե անուղղակի առնչությունն են ունենալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա գործընթացին:

Ազդեցությունը կլինի լարվածության լիցքերի կուտակմա՞ն, թե՞ այդուհանդերձ իրավիճակի կառավարելիության հարցում առաջընթացի տեսքով: Սա իհարկե բազմաթիվ գործոններով պայմանավորված պատասխանների հարց է, թե մեկ, թե մյուս դեպքում:

Սեպտեմբերի 17-ին ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն Դամասկոսից մեկնել է Թեհրան: Այդ մի շարք լրատվամիջոցներ անվանել են «նախապես չծրագրված»: Mehr գործակալությունը, սակայն, ընդգծել է, որ Շոյգուն Թեհրան է մեկնել «Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ»:

Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալության տարածած տեղեկատվությունը նշում է, որ Շոյգուն նախ բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի հետ, ապա նրան ընդունել է նախագահ Փեզեշքիանը եւ հավաստիացրել, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունները «կզարգանան մշտական եւ անընդմեջ հիմքով»:

ՏԱՍՍ-ը, հղում անելով իրանական IRIB-ին, հայտնում է, որ Շոյգուն «համաձայնությունների մասին «հաշվետվություն» է փոխանցել»՝ առանց հստակեցնելու՝ հասցեատերն իրանցի պաշտոնակի՞ցն է, թե՞ նախագահ Փեզեշքիանը, որ, ի դեպ, առաջիկա կիրակի մեկնում է Նյու-Յորք, որտեղ սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Շոյգուի Թեհրան այցի մասին տեղեկատվական շատ սուղ հոսքում առանձնանում է մի կարեւոր հանգամանք: Ըստ Mehr գործակալության, նա «հաստատել է Ադրբեջանի հանրապետության հետ հաղորդուղիների եւ միջանցքների հարցում ԻՀ քաղաքականությանը Ռուսաստանի աջակցությունը»:

ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը նույնպես ընդգծում է այդ հարցի քննարկումը, բայց ձեւակերպումն էականորեն տարբեր է: «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան տանող տրանսպորտային երթուղիների եւ միջանցքների հարցում Իրանի դիրքորոշմանը»:

Ո՞րն է այս տարընթերցման պատճառը: Եթե իրականությանը մոտ է Mehr-ի տեղեկատվությունը, ապա պետք է ենթադրել, որ ՌԴ ԱԽ քարտուղարը Թեհրանում քննարկել է Հայաստանի շրջափակումը պահպանելու հարցը, որովհետեւ Ադրբեջան-Իրան հաղորդակցության երկու երթուղիներն էլ Հայաստանով միջնորդավորված չեն:

Մի դեպքում երկու երկրները երկաթուղային հաղորդակցություն կունենան Աստարայում, երկրորդ ծրագրի գործարկման դեպքում Ադրբեջանը Նախիջեւանին կկապվի այսպես կոչված «Արաքսի միջանցքով»:

Այն ենթադրաբար կկառուցվի հայ-իրանական սահմանին զուգահեռ՝ Իրանի տարածքում: Ըստ էության, ՏԱՍՍ-ի տեղեկատվությունն էլ ընդգծում է «Ադրբեջան տանող տրանսպորտային երթուղիների եւ միջանցքների» թեման:

Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Վլադիմիր Պոիտինի ուղերձը: Մեկ ամիս հետո Իրանի նախագահը կայցելի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով: Ամենայն հավանականությամբ, այդ շրջանակներում կկայանա նրա եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: