15/10/2024

Սիսիանի համայնքապետարանը «գլխատվելո՞ւ» է

Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացնելու։

Այսպես է որոշել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որպեսզի Սիսիանում ներհամայնքային իրավիճակը կայունանա։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր են դնելու նաեւ ավագանու անդամի մանդատները։ Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին Սիսիան համայնքի ավագանու նիստին միայն ներկայացել էր համայնքապետ Արմեն Հակոբջանյանը․ ավագանու իր գործընկերները բոյկոտել էին նիստը։

Ըստ գործող կարգի՝ Սիսիանի համայնքապետ պիտի ընտրի ավագանին՝ գործող կազմից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները այնքան էլ համաձայն չեն։ «Սիսիանը ավելի է քանդվելու», – նշեց մեր զրուցակիցներից մեկը։

Ի դեպ, Սիսիանում շրջանառվող լուրերի համաձայն, ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը հենց աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանն է։ Սիսիանի ավագանու ՔՊ-ի խմբակցության որոշ անդամներ կարծում են, որ ճիշտ կլինի համայնքը կառավարի Աշոտ Աղաջանյանը, որը Գորայք համայնքի նախկին ղեկավարն է եղել ու փորձ ունի։ Կառավարության որոշմամբ Գորայքը վերամիավորվեց Սիսիան համայնքի մեջ։

Հիշեցնենք, 2023թ․ մարտի 26-ին կայացած Սիսիանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանու 21 մանդատից 13-ը տնօրինում է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, իսկ 3-ը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։