22/11/2024

Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը աշխատանքի չեն գնում․ Ինչու

Անցյալ շաբաթվանից Գյումրու համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Ամեն ինչ սկսվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու ձերբակալությամբ:

Նույն օրը չկայացավ ավագանու նիստը, այս պահին տնային կալանքում է Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որին ձերբակալեցին Խաչատուր Բալասանյանի ձերբակալության հաջորդ օրը եւ 20մլն գրավի դիմաց ազատ արձակեցին:

Փոխքաղաքապետը իրավունք չունի տանից դուրս գալու եւ զրկված է աշխատանքի գնալու հնարավորությունից: Իսկ ահա քաղաքապետի երկրորդ տեղակալը, Լուսինե Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն էլ, պարզվում է այս օրերին մեկնել է ԱՄՆ՝ քեռու՝ Բալասանյանի մոտ: Երեկ լուր տարածվեց, որ Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եւ իրավապահներին հանձնարարված է ձերբակալել նրան: Լուսինե Սանոյանը, որ սոցցանցերում բավականին ակտիվ է, այս անգամ էլ լուսանկարներ է հրապարակել Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Փոխքաղաքապետը նաև նվեր է տարել Գլենդելի թանգարանին․ Գյումրի քաղաքի կողմից նվիրել է հայկական զարդանախշերով գորգ, որը պատրաստված է գյումրեցի վարպետների կողմից:

Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ Լուսինե Սանոյանը ոչ թե գործուղման, այլ քեռուն տեսակցելու, նրա հետ որոշ հարցեր քննարկելու նպատակով է մեկնել ԱՄՆ: Հարց է առաջանում, եթե այցը մասնավոր է, ապա ի՞նչ հանդիպումներ է ունեցել Գլենդելի քաղաքապետի եւ քաղաքային խորհրդի անդամների հետ։ Գյումրու համայնքապետարանից պարզաբանեցին․ «Այցը մասնավոր է, բայց, առիթն օգտագործելով կազմակերպվել է պաշտոնական հանդիպում, խոսվել ու քննարկվել են հարցեր՝ քույր քաղաքների համագործակցությունների մասին» :

Մինչ Սանոյանը ԱՄՆ-ում հարցեր է փորձում կարգավորել, տեղեկացանք, որ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը որոշել է աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես իրականացնել հեռավար: Նրա որոշման մեջ որպես հիմնավորում նշված է, որ որոշումը կայացրել է առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետերի բացակայության պատճառով: Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին դեպքերից հետո Սամսոնյանը դյուրագրգիռ, հուզական եւ լարված վիճակում է: Հեռավար աշխատանքի է անցել՝ փորձելով այս շրջանում զերծ մնալ ավելորդ շփումներից եւ տարատեսակ խոսակցություններից: Մեր աղբյուրի պնդմամբ՝ ձերբակալություններից հետո, Բալասանյան դաշինքի ներսում խուճապ է, քանի որ իշխանության ճնշումներն օր օրի սաստկանում են եւ վերջին ակորդը կլինի Սամվել Բալասանյանի ձերբակալությունը, ինչից հետո ստիպված կլինեն ընկրկել եւ քաղաքը վերջնականապես հանձնել ՔՊ-ին:

Հիշեցնենք, որ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար: Որդին՝ Խաչատուր Բալասանյանը նույնպես ձերբակալվել էր նշված գործի շրջանակում։ Վերջինս չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքը, 70մլն․ դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակվել, գտնվում է տնային կալանքում:

Ձերբակալվել էր նաև նախկին փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը՝ Բալասանյանի փեսան: Սանոյանը ևս ազատության մեջ է, առողջական վիճակի վատթարացման պատճառով ստորագրությամբ ազատ է արձակվել: