23/10/2024

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ԱՄՆ նախագահի նամակները ԲՐԻԿՍ-ից առաջ ցուցիչ էին

Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանն առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի սուր հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտություններն ու դրանց լուծումների հարցում ԲՐԻԿՍ դերը:

Խոսքը, թերևս, վերաբերում է նաև Կովկասին և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը` հաշվի առնելով այն, որ դա միջազգային օրակարգի էական հարցերից է, որը անմիջապես առնչվում է ԲՐԻԿՍ անդամ երկու երկրի՝ Ռուսաստանին և Իրանին, և ոչ անմիջական սահմանակցությամբ, բայց շոշափելի գործոնների բերումով առնչվում է ԲՐԻԿՍ անդամներ Հնդկաստանի, Չինաստանի շահերին:

Եվ դա նվազագույնը, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում աջակցության պատրաստակամություն երկու տարի առաջ հայտնել էր նաև Եգիպտոսի նախագահ Սիսին, որը, ի դեպ, Հնդկաստան կատարած այցից հետո 2023-ի տարեսկզբին այց կատարեց Բաքու ու Երևան:

Այդպիսով, կասկածից վեր է, որ հայ-ադրբեջանական հարցը իր տեղն ունի ԲՐԻԿՍ սեղանին: Իսկ դա թերևս նշանակում է, որ այդ սեղանին այսպես թե այնպես իր տեղն ունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը, որ նա օրերս արել է Հայաստանին ու Ադրբեջանին:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԲՐԻԿՍ ընդլայնված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կազան մեկնելուց առաջ ընդունել էին Բայդենի հատուկ օգնականին, որը բերել էր ԱՄՆ նախագահի նամակները:

Դրանցում հստակ նշվում էր, որ Նահանգներն ունի խաղաղության պայմանագիրն ավարտելուն միտված կոնկրետ առաջարկներ և ակնկալում է Փաշինյանի և Ալիևի կարծիքը: Երբ ԱՄՆ նախագահը հրապարակավ անում է այդ հայտարարությունները ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մեկնող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, ապա դա նշանակում է, որ նա անուղղակի ակնկալում է նաև այդ առաջարկների քննարկում Կազանում:

Պարզապես բացառվում է, որ հարցը այնտեղ չլինի քննարկման առարկա, եթե անմիջապես գագաթնաժողովից առաջ է ԱՄՆ անում այդպիսի բարձր և պատասխանատու մակարդակով առաջարկներ:

Ըստ այդմ, Փաշինյանի և Ալիևի կարծիքը թերևս կձևավորվի նաև կազանյան քննարկումների ընթացքում՝ ածանցվելով այն տեսակետներից, որ ԱՄՆ նախաձեռնության առնչությամբ կունենան ԲՐԻԿՍ շահառու անդամները, հատկապես ռեգիոնին անմիջականորեն սահմանակից:

Թերևս բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահին պատասխանելիս, հաշվի չառնեն այդ հանգամանքը: Եվ թերևս ԱՄՆ նախագահն ու նրա թիմն էլ քաղաքականապես անգետ կամ միամիտ չեն նամակն ու հաղորդագրությունը հասցեագրելիս դա չպատկերացնելու համար: