ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե սահմանազատմանը կողմ է, քանի որ «Հայաստանն այսօր հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ», զայրացրել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր, գնդապետ Կորյուն Ղումաշյանին։
Նրա կարծիքով՝ ԵԿՄ ղեկավարի խայտառակ հայտարարության իրական հասցեատերն Ադրբեջանի նախագահն է, որովհետեւ հայ զինվորն ու երկրապահը լավ գիտեն իրենց ուժը, եւ Սասուն Միքայելյանը չէ, որ պետք է գնահատի այն։ «Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի նպատակը երկիրը պահելն է, բանակի կողքը լինելն ու աջակցելը, իսկ միության ներկայիս ղեկավարն ուզում է այն թուլացնել, դարձնել կամազուրկ մի կառույց։ Բայց ասեմ՝ չի ստացվելու, որովհետեւ թե՛ ԵԿՄ-ի, թե՛ բանակի ակունքներում առողջ ու անդավաճան ուժեր են, որոնց համար հայրենիքը վեր է ամեն ինչից»,- ասաց Ղումաշյանը։
Գնդապետը գիտի, որ երկրապահներից շատերն են նեղվել «Եռաբլուր» պանթեոնում Միքայելյանի արած հայտարարությունից, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդ պահին լռել են․ ԵԿՄ շարքերում լուռ անհնազանդություն է հասունանում։
«Ես ԵԿՄ անդամ երբեք չեմ եղել, բայց գիտեմ, որ իրական երկրապահին խեղճացնել հնարավոր չէ․ երկրապահը լավ գիտի իր ուժեղ կողմը․ լինի Սասունը, թե այլ մեկը, ինքն իր ուժի ու հնարավորությունների տերն է։ Հասկանալի է, որ կառույցի ղեկավարը փորձել է կոտրել տղերքի մարտական ոգին, սեփական ուժի նկատմամբ անկարողության զգացողություն առաջացնել, բայց, վստահ եմ՝ սխալվել է, որովհետեւ իմ ճանաչած երկրապահը խեղճացող տեսակ չէ, նա ադրբեջանցուն հաղթած, հայրենիք ազատագրած տեսակ է, եւ ո՞վ է Սասուն Միքայելյանը, որ որոշի՝ կռվել կարո՞ղ են, թե՞ ոչ»,- ասաց գնդապետը։
Նա չբացառեց, որ ԵԿՄ նախագահի խոսքն ուղղված է նաեւ Հայոց բանակին․ միտված է «կոտրելու զինվորի կամքը, թուլացնելու ոգին»։ Նրա կարծիքով՝ Սասուն Միքայելյանը հույս է ունեցել, որ իր հայտարարությամբ զինվորի «աչքերը կբացվեն», եւ նա կհասկանա, որ բանակը թույլ է, կռվել չի կարող, ուստի ճիշտը տարածքներ զիջելու գնով խաղաղության գնալն է։
«Թող որեւէ մեկը հույս չունենա, որ կթուլացնի Հայոց բանակը։ Այն հզոր եղել է ու կա։ Մենք էլ պատրաստ ենք կանգնելու բանակի ու զինվորի կողքին՝ ոչ թե աշխատավարձով, ինչպես փողով հայրենիք սիրողները, այլ՝ անձնվիրաբար։ Անձամբ ես միշտ բանակի կողքին եմ, եթե Սասունի ասելով՝ կռվել չենք կարող, բա ինչի՞ ենք գնում, տղերքին թիկունք լինում։ Ինչպես նախկինում, հիմա էլ չեմ կիսում թույլ լինելու մասին ձեւավորված կարծիքը, որովհետեւ ե՛ւ մերոնց կռիվն եմ տեսել, ե՛ւ նրանց։ Մի բան հստակ գիտեմ՝ մենք ի վիճակի ենք ոչ միայն կռվել, այլեւ հաղթել ու հետ բերել մեր հողերը։ Պարզապես ժամանակ է պետք՝ ուշքի գալու համար, ինչից էլ վախենում է Ադրբեջանի նախագահը»։
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան
Քաղաքական սխոդկա՝ սափրվելու եւ ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում