04/12/2024

«Կպի, էդ ղարաբաղցուն տփենք»․ Գոռ Վարդանյանի ֆիլմում հնչած արտահայտությունը խտրականություն է քարոզում․ Լուսանկարներ

«Այնպես չէ, որ ավելին էի սպասում հայկական ժամանակակից կինոարտադրությունից, առավել ևս՝ Գոռ Վարդանյանի ֆիլմերից։ Ազնվության համար ասեմ, նույնիսկ չգիտեմ՝ ինքը դերասա՞ն է, ռեժիսո՞ր, թե՞ պրոդյուսեր։ Բայց այն, ինչ լսեցի եթերում, մի պահ թվաց, թե դա ադրբեջանական կինո է, թարգմանված հայերեն լեզվով»,- պատմել է Երևանի N78 դպրոցի ծնողներից մեկը:

Խոսքը հայկական մի սերիալի մասին է, որտեղ երեխաները երկխոսության ընթացքում ասում են՝ «կպի, էդ ղարաբաղցուն տփենք»։

«Սա դրվագ է Գոռ Վարդանյանի հերթական անմակարդակ ֆիլմից, որտեղ 14-15 տարեկան երեխաները տեսարանում ծխում են, մի հատ էլ խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Օրինակ, իմ աղջկա դասարանում  արցախցի 3 աշակերտ է սովորում։ Ու էդ երեխաները շատ ավելի լավն են թե՛ վարքի, պահվածքի տեսանկյունից, թե՛ սովորելու։ Դասղեկն էլ շատ գոհ է։ Բայց, այդ ֆիլմից հետո, դպրոցում այդ երեխաների հետևից ասում են՝ «չկպնե՞նք, էս ղարաբաղցուն տփենք»։ Այսինքն` դա արտահայտություն է, որն ազդում է այդ տարիքի երեխաների վրա, մանավանդ հիմա, երբ տեսնում ենք, թե ինչ արագությամբ են տարածվում տիկտոկյան հիմարությունները»,- ասաց Ժաննա Թովմասյանը։

Արցախցի Լիլիթ Պետրոսյանը, այս ամենը տեսնելով, սոցիալական ցանցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանին, հարցրել՝ արդյո՞ք նման դեպքերում էլ են աչք փակում, թե՞, այնուամենայնիվ, ինչ որ քայլեր կարվեն խտրական այս վերաբերմունքը եթերից «մաքրելու» համար։

«Հերիք չէ, որ երեխաները ծխում են, խոսում են հեգնանքով, մի հատ էլ թիրախավորում են արցախցիներին, ցանկություն ունենալով տփել: Դրանով ազդում են ֆիլմը դիտող երեխաների աշխարհընկալման վրա,  չնայած կասկածում եմ, որ հատուկ չէ արվում ատելություն առաջացնող տեսարաններ ներկայացնելը: Չեմ ժխտում, որ այսպիսի իրավիճակներում շատ են արցախցի երեխաները հայտնվել, իհարկե, շատ դեպքերում ծնողներից է գալիս: Բայց և նպաստել ատելության տարածմանը սերիալի միջոցով` աննորմալ է: Եթե հեռուստատեսային բովանդակությունը խթանում է թշնամանք կամ խտրականություն, ապա դա ոչ միայն էթիկական խնդիր է, այլև սպառնալիք է առողջ հասարակական միջավայրին։ Մեր իրականությունը հաճախ արդեն իսկ բարդություններով լի է, և նման սցենարները միայն խորացնում են այդ խնդիրները՝ ստեղծելով բաժանարար գծեր»,- ընդգծեց Լիլիթ Պետրոսյանը:

Սերիալի այդ հատվածը եթերում հայտնվելուց հետո հայ օգտատերերը իրենց սոցհարթակներում նշել են Գոռ Վարդանյանին, ամոթանքի խոսքեր շռայլել նրան, իսկ «Կայսրության Թևեր»-ը անվանել հեռուստաաղբ։

Գոռ Վարդանյանն ասաց. «Կինոն կնայեք, հետո կխոսենք»։

Հունան Թադևոսյան