«Ադրբեջանի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ է իրականացրել՝ փաստերի հավաքագրման միջազգային կոմիտեի տվյալների համաձայն»․ նման վերնագրով հոդված է հրապարակել Freedom House-ը։
Freedom House-ն ԱՄՆ-ում գտնվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, առավել հայտնի է ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ կատարած աշխատանքով։ Հատկանշական է, որ հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանում անցկացվում է ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության հարցերով COP-29 համաժողովը, որին այդքան մեծ նշանակություն է տալիս Ալիեւը։
Հոդվածում մանրամասն ուսումնասիրվել ու հավաքագրվել են փաստեր Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության՝ հայերի դեմ իրականացված էթնիկ զտման վերաբերյալ։ Շեշտվում է նաեւ, որ փաստերի հավաքագրման ժամանակ ֆիքսվել է, որ արցախյան երկրորդ պատերազմից՝ 2020 թվականից հետո, ներառյալ մինչեւ 2023 թ. սեպտեմբերը, Արցախի ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը թույլ է տվել ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի, մարդու իրավունքների եւ միջազգային քրեական իրավունքի կոպտագույն խախտումներ, այլեւ տեւական ժամանակ արցախցիներին ենթարկել է շարունակվող հոգեկան ու ֆիզիկական ճնշումների։
Freedom House-ը նշում է, որ փաստաթղթավորված ապացույցները համընկնում են նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի փորձագետների արձանագրած էթնիկ զտումների սահմանման հետ: Փաստահավաք զեկույցում հաստատվում է, որ ԼՂ-ում տեղի ունեցածը ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ են։ «Բաքվի ռազմական հարձակումը եւ շրջափակման, սովի ու սպառնալիքների կիրառումը դաժան մարտավարություն էր, որի նպատակն էր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանել էթնիկ հայերին։ ԼՂ-ում ադրբեջանական վարչակարգի անզուսպ գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծել ոչ ժողովրդավարական վարչակարգերի՝ հակամարտությունները դադարեցնելու համար ուժի կիրառման համար: Համաշխարհային հանրությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը՝ ԼՂ-ից տեղահանված էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու համար, եւ երաշխավորի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- մեջբերվում են Freedom House-ի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի խոսքերը։
Հոդվածի շեշտադրումները.
• Ադրբեջանական պետության գործողություններն էթնիկ զտումներ են, որի ժամանակ բռնի տեղահանում է իրականացվել` համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն էթնիկ հայ բնակչությունից դատարկելու համար:
• 2023 թ. սեպտեմբերին 100 հազար էթնիկ հայերի տեղահանումը ինտենսիվ, տարիներ տեւած արշավի գագաթնակետն էր։ Ադրբեջանական պետության այս արշավն իր մեջ պարունակում էր էթնիկ հայ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների համատարած խախտումներ՝ տարբեր ձեւերով՝ օգտագործելով ահաբեկման եւ շրջափակման երկարատեւ մարտավարությունը: Նման գործողություններն անհնարին դարձրին ԼՂ էթնիկ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ ապրելն իրենց իսկ հայրենիքում:
• Արձանագրվել են էթնիկ հայ բնակիչների կյանքի, առողջության, սննդի, տեղաշարժի ազատության, համապատասխան կենսամակարդակի, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, կրթության եւ սեփականության իրավունքների խախտումներ: Խախտվել են նաեւ մշակութային իրավունքները. խախտվել է նաեւ առանց խոշտանգումների եւ առանց վատ վերաբերմունքի ապրելու հայերի իրավունքը: Հանցագործները դիտավորյալ սպանել են խաղաղ բնակիչներին, նույնիսկ խաղաղապահների ներկայությամբ, եւ բացարձակ անպատժելի են եղել: Սա մեծացրեց բնակչության շրջանում անապահովության զգացումն ու սարսափը, ընդհուպ մինչեւ 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային տեղահանումները։
• Խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ հայկական մշակութային եւ պատմական ներկայությունը ջնջելու տեսքով։ Սա ներառում է հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների եւ բնակելի թաղամասերի պլանավորված հիմնահատակ ոչնչացումը:
Հատկանշական է, որ Freedom House-ը կոչ է անում անպատիժ չթողնել Ադրբեջանի հանցագործությունները։ Մասնավորապես, կազմակերպությունը կոչ է անում՝ միջազգային ջանքերով պատժել Ադրբեջանին՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների ու Արցախի էթնիկ բնակչության՝ հայերի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ նաեւ միջազգային քրեական դատարանի ուղղորդմամբ։
Freedom House-ը կոչ է անում՝ անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական, ռազմական պաշտոնյաների ու մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործություններում ներգրավված մարդկանց նկատմամբ՝ սառեցնել արտերկրում պահվող նրանց ակտիվները, արգելել ճամփորդել եւ այլն։ Առանձին կետով անդրադարձել են նաեւ պատմական հայրենիքից բռնագաղթած արցախահայերի վերադարձի իրավունքին։ Մասնավորապես, հոդվածում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել տեղահանված էթնիկ հայերի իրավունքները, պետք է հորդորել Ադրբեջանին՝ պայմաններ ստեղծել տեղահանված հայերի` ԼՂ անվտանգ եւ կամավոր վերադարձի համար՝ անվտանգության ամուր երաշխիքներով եւ խտրականության չկիրառման երաշխիքներով:
«Աջակցել նախաձեռնություններին, որոնք պաշտպանում են բռնի տեղահանվածների իրավունքները եւ ջատագովն են ուժեղ իրավական պաշտպանության եւ աջակցության ծառայությունների իրականացմանը: Ապահովել, որ տուժած բնակչության ձայնը լսվի, եւ նրանց իրավունքները պաշտպանվեն բոլոր համապատասխան միջազգային ֆորումներում»,- նշվում է հոդվածում։ Կարեւորել են նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Հոդվածում կոչ են անում՝ թույլ չտալ Ադրբեջանին ոչնչացնել կամ փոփոխել հայկական մշակութային ժառանգությունը։
«Անհրաժեշտ է օգտագործել Ադրբեջանի համագործակցությունը ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) եւ այլ համապատասխան մարմինների հետ՝ աջակցելու անկախ մոնիթորինգային առաքելություններին եւ խթանելու միջազգային երկխոսությունը՝ այդ վայրերի պաշտպանության եւ վերականգնման համար»,- ասվում է հոդվածում։
Երբ անգամ սեփական իշխանություններն են մոռացության մատնում արցախահայերի խնդիրներն ու գերիների առկայությունը Բաքվի բանտերում, երբ Արցախի հարցը «ոմանք» «փակված» են համարում, կարեւորագույն նշանակություն ունեն նման փաստահավաք կառույցների կողմից հրապարակվող նմանատիպ հոդվածները, որոնք կարող են ծառայել հայկական շահին:
Բաց մի թողեք
Կուշտը սովածին մա՞նր է բրդում …
Իշխանազավթում՝ Գյումրիում
ԱՄՆ սահմանում է «կարմիր գիծ», մինչև հունվարի 20-ը Թբիլիսիում «հանգուցալուծում կլինի՞»