09/12/2024

Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին. ինչպե՞ս կանխել վտանգավոր սննդի մատակարարումը մանկապարտեզներին

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է հերթական դեպքին, երբ Երևանի քաղաքապետարանը հայտնաբերել է վտանգավոր մթերքի մատակարարման դեպքեր մայրաքաղաքի մանկապարտեզներ։

«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է քաղաքապետարանի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։ Սա առաջին դեպքը չէ։

Առանց վերահսկողության մեթոդաբանության մշտապես էլ եղել և լինելու են նման դեպքերը։ Ամեն անգամ կհայտարարեն, որ հայտնաբերել են, ամեն անգամ բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, մինչդեռ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ։
Ինչպե՞ս է պետք կանխարգելել, ո՞ր օղակների փոխգործակցությամբ, հանրային վերահսկողության ի՞նչ գործիքակազմեր է պետք ներդնել, այս ամենը վիդեո տարբերակով մանրամասն կներկայացնեմ վաղը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ առաջարկությունը ներկայացրել եմ դեռևս հեռավոր 2016 թվականին, որը բազմիցս շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ոչ մի առարկություն չի եղել, բայց մեթոդը մինչ օրս ներդրված չէ»,- գրել է Պիպոյանը։