04/12/2024

Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն անդրադարձել է «Լեզվի կոմիտեի» գործունեությանը, նշելով, որ կոմիտեն անգործության է մատնված` մեկ տարում արձանագրել է ընդամենը 27 խախտում.

«1 տարվա ընթացքում ընդամենը 27 հայցադիմում: Լեզվի կոմիտեն շարունակում է չաշխատել: Ուղիղ 1 տարի առաջ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց Դվոյան Սիրանույշը: Տարին ունի 365 օր (2024 թիվն ուներ 366 օր):Բացի նախագահից, Լեզվի կոմիտեն ունի նախագահի տեղակալ, նախագահի երկու օգնական, երկու բաժին` լեզվական վերահսկողության և վարչական իրավախախտումների: Բաժիններն ունեն աշխատակիցներ: Թվարկածս անձինք ունեն պարտականություններ:

Այժմ դիմում եմ Լեզվի կոմիտեի աշխատակիցներին: Եկեք դուրս գանք Երևանի, Վանաձորի, Կապանի, Գավառի, Ստեփանավանի, Ախուրյանի, Թալինի և մնացած Հայաստանի մեծ և փոքր քաղաքների, գյուղերի, ավանների և այլ բնակավայրերի փողոցներ: Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի փողոցներ դուրս գալ կարո՞ղ ենք:

Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի կենտրոն դուրս գալ կարո՞ղ ենք: Ավելի լավ առաջարկ ունեմ. Լեզվի կոմիտեն գտնվում է Կիևյան 16 հասցեում: Երևանի գոնե այդ հատված դուրս գալ կարող ենք, չէ՞: Օրինակ` ես կարող եմ: Ավելին` արդեն դուրս եմ եկել և ուղիղ 1 ժամում Կիևյան 16 հասցեի շրջակայքում լեզվական ոլորտին վերաբերող թվով 31 իրավախախտում եմ հայտնաբերել:

Ընդամենը 1 ժամում: Իսկ դուք 366 օրում 27 իրավախախտում եք հայտնաբերել: Թվերը վերցրել եմ datalex կայքից: 366 օրվա ընթացքում Լեզվի կոմիտեն Վարչական դատարան է ներկայացրել ընդամենը 27 հայցադիմում: Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք ՀՀ հարկատուների կենացը»: