Կառավարության նիստի ընթացքում կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագիրը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին նախարարությանը կատարել վերաբաշխում 1 միլիարդ 670 միլիոն 974 հազար դրամ գումարի չափով։
Փաշինյանը Արմավիրի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են Արմավիրի մարզում մոլդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։
«Ձեր վերջի այցի ժամանակ այցելել ենք, ավարտական փուլում է, հիմա վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը նախատեսվում է, որ կաշխատի»,- ասաց Խուդաթյանը։
Փաշինյան, սակայն, նկատեց, որ մանկապարտեզի հարցով այդպես չէին պայմանավորվել, այն պետք է բացվեր դեռ հոկտեմբերին։ Խուդաթյանն էլ նկատեց՝ գազի հետ կապված որոշ խնդիրներ են եղել, ինչի պատճառով էլ բացումը հետաձգվել է։
Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարության անդամներին նախազգուշացրեց՝ իրեն ժամկետներ ասել ճշտելուց հետո․ «Աշխատանքները ավարտված են, գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ մանկապարտեզը հոկտեմբերին բացվելու է։ Ասենք, հիմա այդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ հարցրել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին։ Ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա ստացվե՞ց, որ սուտ ասացի։ Ստացվե՞ց»։
Նա Կառավարության անդամներին զգուշացրեց. «Սրանից հետո մի հատ ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկը չասի մի ժամկետ, մի տվյալ, որը ստուգված և վերստուգված չէ։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է այսպես»։
***
Նիկոլ Փաշինյանը խոսեց պարեկային ոստիկանության դերի մասին՝ այդ համատեքստում նկատելով, որ ծառայության դերը մեծ է նաև հանրային տարածքի պահպանության իմաստով:
«Որովհետև հանրային տարածքը չի կարելի օգտագործել անձնական նպատակներով: Էն պապու «Գազ 157»-երից թեթև-թեթև պրծանք, երբ մայթով քայլում ես, կամ մարդ է՝ իր երեխայի հետ քայլում է, մանկական սայլակով քայլում է, ու կտեսնես մի հատ, ասենք, 61թ․ արտադրության «Գազ 66»-ի «ռամա»՝ մայթի վրա։ Թե բա՝ պապու «ռամա»-ն է, բա էս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարո՞ղ ա տանենք, ի՞նչ անենք։ Ամենայն հարգանքով, բայց տարեք, ձեր ննջարանում դրեք պապու հիշատակը, կախեք պատից։ Բա քաղաքացին մեղավո՞ր է, որ որ պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «66-ի» «ռամա»-ն բերում, դնում ենք այստեղ։ Դե ասում ենք՝ պապինն է, գիտես մեր պապին։ Այ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով, տարե՛ք ձեր տանը դրեք, բակ ունեք՝ դրեք բակում, բակ չունեք՝ դրեք տանը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հարցադրում արեց՝ իսկ տեղի մարդի՞կ, պաշտոնյանե՞րը՝ մարզպետ կա, համայնքի ղեկավար կա, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ. «Վախենում եք այդ պապու թողած ձայնը կորցնեք ընտրություններում, մեզ ձայնը պետք ա, որ տանեն մայթերը քանդե՞ն. մերկանտիլ քաղաքական հաշվարկով, երբ որ մենք գնում, այդ ավազը մաքրել ենք տալիս, մի մարդու ձայնը կորցնում ենք, 100-ինը շահում, որովհետև մարդիկ հասկանում են, որ, փաստորեն, պետություն կա, օրենք կա: Ուղիղ ասում եմ՝ համայնքներում պատահական մտնելու եմ, որ մարզում, որտեղ տեսա 66, 157, 06, 31, քար, աղյուս, ավազ, բետոն, սա պրոբլեմ է առաջացնելու, որովհետև 6 տարվա ընթացքում ես գործնականում մարմին չկա, որի ղեկավարին նման մի հատ հարցով զանգած չլինեմ: Բոլորին ոչ հրապարակային ձևերով ասել եմ տասնյակ անգամներ՝ հարգելի մարզպետներ, նախարարներ, շրջեք, նայեք, խնդրեք, ասեք՝ մի արեք, ժողովուրդ ջան»:
Նա զգուշացրեց, որ նման դեպքերի ականատես լինելու դեպքում հետևություններ կարվեն, և եթե այս կապակցությամբ խնդրանքները տեղ չհասնեն, ապա հարկադրանքի միջոցներ կկիրառվեն։
Բաց մի թողեք
Վերացրել ենք Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը. Ալեն Սիմոնյան
Նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Սրբուհի Գալյան
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին