ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:
Միջոցառմանը հրավիրված են եղել մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԸԳՀ ներքո ձեռք բերված հաջողություններին և վերահաստատվել է Համաձայնագրի շարունակական իրականացման նկատմամբ համատեղ հանձնառությունը:
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է ՀԸԳՀ-ի նշանակությունը ԵՄ հետ գործընկերության ամրապնդման և Հայաստանի առաջընթացի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա դրա ազդեցության տեսանկյունից:
«ՀԸԳՀ-ը նախևառաջ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեքների ու հավակնությունների վրա խարսխված կայուն զարգացման մասին երկուստեք ընկալումների արտացոլումն է: Այն Եվրոպայի հետ երկարաժամկետ ու փոխշահավետ հարաբերություններ կառուցելու մասին է: Համաձայնագիրը, ըստ էության, ուղեցույց է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, առևտրի, ներդրումների, հանրային կառավարման բարեփոխումների և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով երկկողմ համագործակցության համար։ Այս համաձայնագրի կիրարկման առաջընթացը չափվելու է ոչ թե տեխնիկական ֆորմալ արձանագրումներով, կամ քաղաքական հայտարարություններով, այլ քաղաքացու կենսամակարդակի վրա ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների ունեցած իրական ազդեցությամբ»,- նշել է փոխվարչապետը։
Դեսպան Մարագոսն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը և խթան է հաղորդում երկրում իրականացվող բարեփոխումներին և արդիականացմանը՝ համահունչ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը: Այն ապահովում է ամուր շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրի և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան խորացված համագործակցության համար՝ նպատակ ունենալով մարդկանց կյանքի համար դրական փոխություններ ապահովել: Տարիների ընթացքում ինտենսիվ աշխատել ենք համաձայնագրի ներուժը լիարժեք բացահայտելու և մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Այս տարի մեկնարկել ենք Դիմակայունության և աճի ծրագիրը, Խաղաղության եվրոպական հիմնադրամը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումներին, ենթակառուցվածքներին և տարածաշրջանային զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին։ Միասին մենք հավատարիմ ենք առաջընթացի խթանմանը և մեր հավակնոտ նպատակներին հասնելու նվիրվածությանը»,- նշել է ԵՄ դեսպանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կառավարությունը վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու հաջող համագործակցությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում՝ նշելով այս առիթը որպես ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերի վկայություն:
Բաց մի թողեք
Վանգան ասում էր՝ Երկիր մոլորակը դեռ չի կործանվի, քանի դեռ Հալեպը չի ընկել՝ ընկավ
Վրաստանում հեղափոխություն է. ինչպես իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, ինչ հետևանքներ կլինեն
Վրաստանի նոր փորձությունը․ Քաղաքացիների բողոքը դուրս չի գալիս Սահմանադրության շրջանակից. Վրաստանի նախագահ