Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում՝ ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանը, հակադարձելով ընդդիմության՝ երկրում գործարար միջավայրի վերաբերյալ քննադատություններին, հիշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը։
«Դե պտտվե՛ք (դիմում է ընդդիմադիր պատգամավորներին-խմբ․), երկու շարք վերև ա նստում (նկատի ունի 2-րդ նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանին-խմբ․), ասե՛ք՝ ժողովուրդ ջա՛ն, էդ որ սկսեցիք «Տոյոտա» ներմուծել, ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում․․․»,- ասել է Արշակյանը՝ ակնարկելով գործարար անառողջ մթնոլորտը:
«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, և մի շարք այլ քրեական գործերով անցնող գործարար Սամվել Մայրապետյանը։
Հատկանշական է, որ ընկերությունը՝ որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածք, պարբերաբար է թիրախավորվում ՔՊ-ականների հանրային ելույթներում․ օրինակ, 2023 թվականի հոկտեմբերին՝ ԱԺ-ում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե ընկերությունն իր սրահը կառուցել է Եռաբլուր զինվորական պանթեոնի հողատարածքի վրա։
«Եռաբլուր լացողնե՛ր, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք։ Էդ դուք չե՞ք Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտա» սարքողներ։ Եկել եք էդ ի՞նչ եք խոսում»,- ասել էր Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել ՀՀ կառավարության՝ Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից միլիարդավոր դրամների հասնող գնումների վերաբերյալ մի շարք պայմանագրեր։
Այսպես, 2022 թվականին գործադիրը թույլատրել էր ՀՀ ոստիկանությանը մեկ անձից գնման միջոցով ձեռք բերել 175 հատ Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենա՝ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի Պարեկային ծառայության համար․ գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 3․1 մլրդ դրամ։
Այն ժամանակ՝ 2022 թվականի հուլիս 21-ի կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերության հետ այս խոշոր գործարքն արդարացրեց «կորոնավիրուսի հետ կապված խնդիրների հետևանքով առաջացած ավտոմեքենաների դեֆիցիտով»։
«․․․նաև հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նրանց ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ:․․․Արձանագրել ենք, որ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք, այսինքն՝ մյուս ընկերություններն արձանագրում են, որ ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ»,— ասել էր վարչապետը:
Ի դեպ, գործադիրը ավելի վաղ էլ 2․4 մլրդ դրամի գնում էր արել ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով 140 մեքենա՝ Շիրակի և Լոռու մարզերի Պարեկային ծառայության համար։
2021 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն պայմանագիր էր կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեկ անձից կատարվող գնումների միջոցով ձեռք էր բերել 18․4 մլն դրամի մեքենա կոմիտեի համար։
2023 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկու պայմանագիր էր կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ՝ ձեռք բերելով Toyota Hiance 2.SD Standart մակնիշի չորս մինիավտոբուս՝ ընդհանուր մոտ 60 մլն դրամ արժեքով։
Սա այդ տարի ՍՊԸ-ից ԲՏԱ նախարարության արած միակ գնումը չէր․ նոյեմբերին նախարարությունը 46 միլիոն դրամով 2023 թ․ արտադրության Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի ավտոմեքենա էր գնել՝ դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով։
Այսպիսով, չնայած ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց՝ նախկին իշխանությունների ապօրինի հարստացման վերաբերյալ հանրային ելույթներում պարբերաբար վկայակոչում են Քոչարյանի ունեցվածքն ու, մասնավորապես, նրա ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, ընկերությունը շարունակում է պետական գերատեսչությունների ծառայողական մեքենաների հիմնական մատակարարը մնալ:
Փաստացի, ՔՊ-ականներն օրենսդիրի ամբիոնից թիրախավորում են ընկերության սեփականատերերին, միևնույն ժամանակ միլիարդավոր դրամների հասնող գնումներ անում նրանցից, որպես կանոն՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Վրաստանում հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Սիրիայի շուրջ ինչ են բանակցում Էրդողանն ու Պուտինը
Ադրբեջանը կարող է քաղաքական լուրջ խաղաքարտ կորցնել