ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք իրավական գնահատականներ:
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում գործող մթերային խանութի բակային տարածքում Ա.Ս.-ն, իր ընկերների հետ, վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ, որի ընթացքում, հայհոյանքներով խախտել են մարդկանց անդորրը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք:
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության պատճառ է դարձել հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Վ.Ղ.-ի կողմից Ա.Ս.-ին դիտողություն անելը։ Դրանից հետո վերջինս իր ընկեր և միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ, չենթարկվելով հակահասարակական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ իրենց ներկայացված պահանջին, շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին՝ այդ կերպ խախտելով հարակից շենքի և այդտեղ հավաքված այլ անձանց անդորրը:
Չբավարարվելով նշված վայրում տեղի ունեցածով՝ Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, ապա, Վ.Ղ.-ի կամքին հակառակ նրան խանութի դիմացից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ, բռնել է նրա հագուստից և քաշելով մոտեցրել խանութից քիչ հեռու կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային:
Այդ ընթացքում Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշքշելով փորձել են նստեցնել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան։ Ս.Ա.-ն, ձեռքը տանելով վերջինիս մեջքի հատված, նրա գոտկատեղից վերցրել է 9մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Այնուհետև Ս.Ա.-ն վերոհիշյալ ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, ապա ատրճանակի փողը կրկին ուղղել է Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ, շարունակելով պահանջել նրանից՝ նստել մեքենան:
Այդ ընթացքում Մ.Հ.-ն, Ռ.Հ.-ն և Ա.Ս.-ն, խմբի կազմում, Վ.Ղ.-ին քաշքշելով և հարվածներ հասցնելով, նրա կամքին հակառակ, նստեցրել են նշված ավտոմեքենան, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:
Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ վերոհիշյալ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Դատարանի որոշումներով Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Բաց մի թողեք
Կրծքավանդակի վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ․ նա եղել է ընկերոջ հետ
Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան․ Լուսանկար