Երբ Ռուսաստանի Դաշնության որևէ պաշտոնյա հոլովում է «ՌԴ», «Հայաստանի «անվտանգություն» բառերը, առավել ևս դրանք շարադրում «պարտավորությունների կատարման», «գործնական քայլերի» համատեքստում, ակամա ուզում ես լրացում կատարել հայտնի ասույթում՝ «երե՛ք բան կա, որոնք սահմաններ չունեն՝ տիեզերքը, մարդկային հիմարությունն ու․․․ ՌԴ-ի ցինիզմը դաշնակից երկիր ՀՀ-ի նկատմամբ»։
Այդ երևույթի հերթական դրսևորմանն առերեսվում ենք՝ ընթերցելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս․Կոպիրկինի հարցազրույցը, որում վերջինս շեշտում է՝ «ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, իրական այլընտրանք գոյություն չունի» և որ՝ «Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղություն լինի»։ «Ռուսաստանն այսօր էլ հավատարիմ է Հայաստանի անվտանգության հարցում իր պարտավորություններին՝ թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ՀԱՊԿ շրջանակում»,-«Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է դեսպանն ու հավելել՝ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նաև գործնական մասնակցություն Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման աշխատանքում։
Հատկանշական է պարոն Կոպիրկինի ընդգծումը՝ ՌԴ-ն «այսօր էլ հավատարիմ է․․․», ձևակերպումը, որով քարոզչական մակարդակում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՌԴ-ն «երեկ» էլ է հավատարիմ եղել։ Մինչդեռ 2021-ի մայիսին և նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը, զինված ագրեսիան ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, դրանց ի պատասխան դաշնակից երկրի և ՀԱՊԿ-ի ցուցաբերած արձագանքը վկայում են հակառակ պրոցեսի՝ անհավատարմության մասին։ Հենց այդ անհատավարմության պարբերական դրսևորումներն էլ ի վերջո ստիպեցին, որ ՀՀ-ի համար օրակարգային դառնա ՀԱՊԿ-ում իր անդամության սառեցման հարցը և կասկածի տակ դրվի ՌԴ-ի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը։
Արդ, ի՞նչ է ակնկալում ՀՀ-ից ՌԴ-ն (իր դեսպանի շուրթերով), երբ ժամանակին, այսինքն՝ «երեկ», չի կատարել իր պարտավորությունները՝ չի սպասարկել ՀՀ անվտանգային օպերատիվ կարիքները՝ վերաբերմունք ցուցաբերելով վերոթվարկյալ դեպքերին։ Դաշնակցային պարտավորությունները կատարած լինելու մասին արձանագրումն, արդ, ենթադրում է, որ այժմ ՀՀ սուվերեն տարածքի մի շարք կետերում վաղուց չպետք է լինեին ադրբեջանական զինված ուժերը։ Իսկ քանի որ դրանք շարունակում են լինել, ուստի ՀՀ-ից որևէ ակնկալիք ունենալուց առաջ նախ պետք է (թեկուզ ուշացումով) բավարարել դաշնակից երկրի՝ այժմ էլ ակտուալ անվտանգային կարիքները։ Եվ այդ ուղղությամբ կատարվելիք գործնական դրսևորումը կլինի Ադրբեջանին ստիպելը՝ հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքից, գոնե որպես հավաստիք Կոպիրկինի այն պնդման, թե «Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղություն լինի»։ Դաշնակցային-գործընկերային պարտավորությունների կատարման ուղղությամբ գործնական քայլերից հետո է, որ տրամաբանական կլինի ՀՀ–ի հետ քննարկել որևէ տիպի անվտանգային համակարգի մշակման աշխատանքներին ՀՀ մասնակցության հարցը։
Հարկ է ընդգծել, որ «Եվրասիական մայրցամաքում հավասար ու անբաժանելի անվտանգության մասին է խոսում ներկայացուցչն այն երկրի, որն ի վիճակի չեղավ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններն ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը՝ այսպիսվ ձախողելով իր խաղաղապահ առաքելությունը։ Արձանագրենք՝ ՌԴ-ն իր խաղաղապահ կոնտինգենտը տեղակայեց Լեռնային Ղարաբաղում, իսկ ամիսներ առաջ՝ ժամանակից շուտ, իր նույն այդ կոնտինգենտը դուրս բերեց «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանից»։ Այս, մասնավորապես վերջին ձևակերպումն, ի դեպ, վերցված է ոչ թե Ադրբեջանի ագիգտպրոպից, այլ՝ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական էջից՝ խաղաղախահ առաքելության ամենօրյա մոնիտորինգի մասին հաղորդագրություններից։
Լոկալ մակարդակում՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ իր պարտավորությունների կատարման գործում թերացած երկիրն, արդ, կարո՞ղ է գլոբալ՝ Եվրասիական մայրցամաքում անվտանգությամբ նախանձախնդիր լինել, առավել ևս՝ հավակնել դրա «ամբողջական համակարգի» մշակմանը։
Եթե նոր համակարգ ասվածը ենթադրում է, որ պետք է դադարեցնել ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ լուծարելով այդ բուտաֆորիկ կառույցը և այն փոխարինել իրապես աշխատող, կենսունակ կառույցով, ապա գուցե կարելի է ՀՀ-ի հետ տեսական քննարկումներ սկսել այդ առնչությամբ։
Հետաքրքիր է՝ Ադրբեջանն ի՞նչ մասնակցություն է ունենալու այդ նոր համակարգի ձևավորման գործում, կամ, արդյոք ունենալո՞ւ է։
Հ․Մ․
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի