Ես չգիտեմ՝ ով ինչպիսի կերպար է ստեղծել Փաշինյանից, բայց մի բան պարզ է՝ ոչ մեկը չի տեսնում իրական Փաշինյանին։ Եկեք այսպես պատկերացնենք։
Բակում ծեծել, «ջուր են արել» մեկին, ու նա մազապուրծ փախել է։ Պատերազմում կրած խայտառակ պարտությունը դրանից ավելի վատթար է։ Դուք կարո՞ղ եք համոզել բակում ծեծվածին, որ հետ դառնա ու իրեն ծեծողին հակառակ բան ասի կամ անի։
Նիկոլ Փաշինյանը հենց այդ մեկն է, որ լուռ ու մունջ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Եվ նրանից ստեղծել կերպար, թե ինչ ուզում՝ անում է, թյուր է։ Ալիևն ինչ ուզում՝ ինքն անում է։ Պարզապես մոռանում ենք ծեծը, խայտառակ պարտությունը և չենք ուզում հասկանալ պարտված, «ծեծված» մարդու հոգեբանությունը։
Նա հետ չի դառնա և Ալիևին որևէ բան չի ասի, որովհետև գիտի, որ նորից «ծեծ կուտի»։ Սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի մասին, երբ խոսում էր, ևս մեկ վկայություն է, որ Ալիևի ասածը եթե չկատարի, նորից «ծեծ կուտի»։
Հենց դա է պատճառը, որ աշխարհում չկա մի պետություն, որ պարտված ղեկավարը հրաժարական չտա։ Եվ հենց դա է պատճառը, որ հանրությանը գցում է մոլորության մեջ՝ ինչո՞ւ հրաժարական չտվեց։
Որովհետև հրաժարականը նրա համար միայն իշխանությունը կորցնել չէ։ Դա պարտությունն ընդունել է՝ իր բոլոր անախորժ հետևանքներով։ Ինքն այլևս չի կարողանա փախչել այն իրականությունից, որից այսօր փախչում է։ Պարտված մարդը կարող է ամեն ինչ անել՝ միայն թե չվերադառնա այն տեղը, որտեղ իրեն «ծեծել են»։
Իսկ հրաժարականը հենց այդ վերադարձն է՝ իր բոլոր վատագույն երանգներով։ Նա այլևս չի կարողանալու իր պարտությունը ներկայացնել որպես «խաղաղության օրակարգ», զիջումը՝ որպես «պետական շահ», իսկ վախը՝ որպես «խոհեմություն»։ Այդ պատճառով էլ մեզ ցույց են տալիս ոչ թե իրական մարդուն, այլ կերպար՝ ուժեղ, ինքնավստահ, բոլորին «ոչ» ասող, ասֆալտին փռող, աշխարհի մեծերի հետ ոտք գցող։
Բայց իրական մարդուն պետք է դատել ոչ թե նրա խոսքերով, այլ երբ կանգնում է ընտրության առաջ։ Եվ եթե ամեն անգամ ընտրությունը նույնն է՝ Ալիևի պահանջը կատարել, նոր զիջում անել, նոր մարդ ձերբակալել, նոր բացատրություն գտնել, նորից ժողովրդին համոզել, թե սա պարտություն չէ, այլ մեծ նպատակին տանող ճանապարհ, ապա գուցե ժամանակն է կերպարը մի կողմ դնել և տեսնել մարդուն։
Պարտված մարդուն։
«Ծեծված» մարդուն։
Այն մարդուն, որի կերպարն անգամ դրսում են ստեղծում։
Բայց այստեղ ամենավտանգավորն այն է, որ երբ երկրի ղեկավարը պարտվում է, միայն ինքը չի պարտվում։ Իր պարտվածի հոգեբանությունը դարձնում է պետության վարքագիծ։ Ինքը չի ուզում նորից «ծեծ ուտել»՝ և դրա գինը սկսում է վճարել երկիրը։
Իր անձնական վախը ներկայացնում է որպես պետական խոհեմություն, իր զիջումը՝ որպես խաղաղություն, իր նահանջը՝ որպես ռազմավարություն։
Ու այդպես իր պարտությունը վերածում է ժողովրդի պարտության։ Ինքը պարտվել է, բայց պարտության մեջ փորձում է մեզ բոլորիս ներգրավել։ Մինչդեռ պարտությունից հետո նրա անելիքը ոչ թե պարտությունը բոլորի վրա տարածելն է, այլ պատասխանատվությունն իր վրա վերցնելը։

Բաց մի թողեք
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին
Ազգային ժողովի դիմաց նստացույց է մեկնարկել. Լուսանկար
Գոռ Վարդանյանը հայտնվել է անհարմար իրավիճակում. ինչ է արձանագրել Ալեն Սիմոնյանը․ Տեսանյութ նիկոլական լինելու մասին