08/10/2026

EU – Armenia

Պարոնյան թատրոնում կայացավ «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի առաջնախաղը. Լուսանկարներ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ թատրոնի 85-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան՝ «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլը։

Համանուն հայտնի ֆիլմի պրեմիերայից տասը տարի անց «Լա Լա Լենդի» պատմությունը ներկայացվեց թատրոնի բեմում՝ ինքնատիպ բեմական մեկնաբանությամբ։

Ներկայացումը ֆիլմի կրկնօրինակը չէ։ Դրա գործողությունները հանդիսատեսին տեղափոխում են ֆիլմի ստեղծման միջավայր՝ հնարավորություն տալով հետևելու ոչ միայն հերոսների պատմությանը, այլև ֆիլմի ստեղծման գործընթացին։

Ներկայացման հիմքում երազանքի, սիրո և ընտրության թեմաներն են։ Միան և Սեբաստիանը երկու երիտասարդներ են, ովքեր փորձում են իրենց տեղը գտնել արվեստի աշխարհում։ Նրանց ճանապարհն անցնում է բազմաթիվ դժվարությունների, մերժումների և ընտրությունների միջով, իսկ սեփական երազանքին հասնելու ձգտումը դառնում է պատմության առանցքային թեմաներից մեկը։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ներսես Ավետիսյանը և Մարիամ Շահինյանը։ Նոր երգերի և ադապտացիայի հեղինակը Մարիամ Շահինյանն է։

Բեմանկարչությունն ու անիմացիան իրականացրել է Մարիամ Մուրադյանը, խորեոգրաֆը Քրիստինա Ավագիմյանն է, հագուստի նկարիչը՝ Մարինե Թադևոսյանը։

Ներկայացման դերակատարներն են Զաք՝ Գևորգ Դավթյանը, Լառա՝ Լուսինե Արշակյանը, Հելեն Ջեյմս՝ Արև Հակոբյանը, Ամանդա Սուիթ՝ Հասմիկ Վերդյանը, Մոնիկա Բենք՝ Անի Նիկոյանը։ Ներկայացմանը մասնակցում է նաև թատրոնի բալետային խումբը։

Բեմադրության մեջ համադրված են երաժշտությունը, պարը, դերասանական խաղը, բեմանկարչությունը և անիմացիան։ Ներկայացման համար ստեղծվել են նաև նոր երգեր, որոնք լրացնում են հայտնի ֆիլմի հիման վրա կառուցված բեմական պատմությունը։

Մյուզիքլի ստեղծման աշխատանքները մեկնարկել են ապրիլին։

Միայի և Սեբաստիանի պատմության միջոցով բեմադրությունը անդրադառնում է ստեղծագործական ճանապարհին, սիրուն և այն որոշումներին, որոնք կարող են փոխել մարդու կյանքի ընթացքը։

Ներկայացման առաջիկա ցուցադրությունը նախատեսված է նոյեմբերի 14-ին։