08/10/2026

EU – Armenia

Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի

Հայաստանն աշխարհի ամենաինքնիշխան պետությունն է, այնքան ինքնիշխան, որ Հայաստանի տարածքի հետ կապված հարցերը քննարկում են առանց Հայաստանի մասնակցության:

Հրապարակ թերթը գրել է․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ: Հանդիպման ժամանակ քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հեռանկարները, որ նախագիծը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի զարգացման եւ տարածաշրջանային տարանցիկ ավելի լայն հնարավորությունների ձեւավորման գործում: Սա միակ նման դեպքը չէ, երբ Հայաստանի տարածքով անցնող կամ կառուցվելիք տրանսպորտային հանգույցի հարցը քննարկվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության:

Ուղիղ մեկ ամիս առաջ էլ Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարարն էր հանդիպել Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարների հետ եւ դարձյալ քննարկել ԹՐԻՓՓ-ի իրագործման հետ կապված հարցեր: Մարդիկ արդարացիորեն հարց են տալիս` եթե այդ երթուղին անցնում է Հայաստանով, ինչո՞ւ են հարցերը քննարկում առանց Հայաստանի մասնակցության: Սրա պատասխանն առավել քան պարզ է, Հայաստանն այդ նախագծի հետ ընդհանրապես կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ օգտագործվելու է Հայաստանի տարածքը: Դրա հիմնական շահառուները Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն են, նրանք էլ քննարկում են նախագիծը: Եթե նախագիծն իրականացվի, ինչը խիստ կասկածելի է. Հայաստանը կարող է ակնկալել տարեկան մի քանի միլիոն դոլար վարձավճար, այն էլ՝ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կհամարի, որ իր կողմից իրականացված ներդրումները հետ են եկել: Իսկ առայժմ ԱՄՆ-ն միայն ուռճացնում է ներդրումների թիվը, որ Հայաստանի մտքով չանցնի ինչ-որ պահանջ ներկայացնել: Չնայած նման իշխանության պայմաններում դժվար էլ այդպիսի հանդգնություն դրսեւորվի:

Չնայած փաշինյանական իշխանությունը փորձում է ԹՐԻՓՓ նախագիծը ներկայացնել իբրեւ Հայաստանը տրանսպորտային հանգույցի վերածելու նախագիծ, բայց իրականությունը միանգամայն այլ է: Հայաստանն այդ միջանցքից օգտվելու ոչ մի հնարավորություն չունի, չունի որեւէ ապրանք` նավթ, գազ, էլեկտրաէներգիա կամ ռազմավարական նշանակության այլ ապրանքներ, որոնք կարող է այդ միջանցքի միջոցով արտահանել միջազգային կամ եվրոպական շուկաներ:

Միացյալ Նահանգները, կորցնելով տեխնոլոգիական առաջնորդությունը, այն հետեւողականորեն անցնում է Չինաստանին, փորձում է առաջնորդություն ստանձնել ռազմավարական հումքի եւ ռեսուրսների վերահսկողության նկատմամբ: Պարզ ասած, ԱՄՆ-ն ուզում է հասնել նրան, որ աշխարհում նավթի, գազի եւ մյուս կարեւոր ռեսուրսների արդյունահանումը եւ համաշխարհային շուկաներ արտահանումը գտնվեն իր անմիջական վերահսկողության տակ: Վենեսուելայի եւ Գրենլանդիայի փաստացի գրավումը, Իրանի ծովային շրջափակումը դրա վառ դրսեւորումն են: Մերձավոր Արեւելքի երկրների նավթն ու գազը հիմա համաշխարհային շուկա է արտահանվում ամերիկյան ավիակիրների անմիջական հսկողությամբ, չլինեն ամերիկացիները, Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրություները չեն կարողանա նավթ արտահանել, Իրանը թույլ չի տալիս: Ամերիկացիները սկզբում պատերազմ հրահրեցին, հիմա էլ հանդես են գալիս որպես փրկիչ եւ պաշտպան: Բառացիորեն նույնը տեղի է ունենում Ուկրաինայի դեպքում, որտեղ արդեն 5 տարի է՝ նրանք փրկում են Ուկրաինան: Հայաստանը նույն կինոյի սերիաներից է, ԹՐԻՓՓ-ը վերցնելով, նրանք փրկում են Հայաստանն ադրբեջանական սպառնալիքից:

Ընդհանրապես, բոլոր փրկիչներն են այսպիսին, չլինեն կործանվողներ, փրկիչների անհրաժեշտություն չի լինի:

Նավթի եւ գազի զգալի պաշար կա նաեւ Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում: Ռուս-ուկրաինական պատերազմը խոչընդոտում է, որ ղազախական նավթն արտահանվի միջազգային շուկա, ուկրաինական անօդաչուները հարվածում են Սեւ ծովի վրա գտնվող նավթատարներին:

Ամերիկացիներն էլ այլընտրանք են առաջարկում, ասում են` կարելի է նավթատար եւ գազատար կառուցել, որով ղազախական նավթն ու թուրքմենական գազը կանցնեն Ադրբեջանի տարածքով, հետո ԹՐԻՓՓ-ով եւ Թուրքիայի տարածքով կհասնեն եվրոպական գնորդներին: Միացյալ Նահանգներն էլ կվերահսկի այդ տարանցումը եւ դրանից հսկայական շահույթ կստանա:

Հիմա հարց. եթե նավթը, գազը ղազախական, թուրքմենական եւ ադրբեջանական են, նավթատարներն ու գազատարները կառուցվելու են ամերիկյան փողերով եւ փաստացի պատկանելու են ամերիկյան ընկերություններին, դրանից Հայաստանին ի՞նչ, Հայաստանն ի՞նչ է տեղափոխելու այդ նավթատարներով եւ գազատարներով: Իհարկե՝ ոչինչ: Ամերիկացիները վերցրել են Հայաստանի տարածքը եւ դրանով գործի մեջ փայ են մտել, եւ բնական է, որ շահույթն էլ իրենք են ստանալու:

Հայաստանում որոշ տգետներ ուրախանում են, երբ ասվում է, որ ԹՐԻՓՓ-ի կառուցման հիմնադրամը 201 միլիոնից կրկնապատկվել` դարձել է 402 միլիոն: Հաջորդ անգամ այն կարող է դարձյալ կրկնապատկվել, եւ դա միայն մեր վնասն է: Հայաստանի մասնաբաժինն այդ նախագծում ընդամենը 26 տոկոս է, թե ինչ եկամուտ ցույց կտան ամերիկացիները, դժվար է ասել։

Հետեւաբար, դժվար է ասել, թե երբ ամերիկյան ներդրողները կհամարեն, որ հետ են ստացել իրենց ներդրումը, որից հետո նոր կարող է առաջանալ եկամուտ, որն էլ պետք է բաժանվի 74-26 համամասնությամբ: Ամենայն հավանականությամբ` երբեք:

Այնպես որ, իմաստ չունի զարմանալ, թե ինչու են մեզ հետ կապ չունեցող նախագիծը քննարկում առանց մեզ: