Փաշինյանը ցուգցվանգի մեջ է հայտնվել: Շախմատասերները լավ գիտեն, թե ինչ ասել է՝ ցուգցվանգ: Դա հակառակորդի արդյունավետ քայլերի բացակայության իրադրությունն է, երբ հարկադրաբար կատարվող քայլերը նրան շատ արագ հասցնում են պարտության:
Քաղաքականության ոլորտում եւ, ընդհանրապես, ամեն գործում սխալ քայլերը, սխալ մարտավարությունը «լավ տեղ» չեն տանում, եւ ձախորդությունը ամենամոտակա օրերից մի օր անկոչ հյուրի պես բախում է ձեր դուռը: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այժմ քաղաքական ցուգցվանգի մեջ է, որտեղ, սովորաբար, ընկնում են իրենց դիրքը, քայլերի հաջորդականությունը սխալ հաշվարկող անհեռատես, ապաշնորհ խաղացողները:
Ապացույցները, որ Փաշինյանն, արդարեւ, «ցուգցվանգային» իրավիճակում է, բազմաթիվ են, եւ մենք կանդրադառնանք սոսկ վերջին շրջանի ամենաբնորոշ նախանշաններից մի քանիսին: Ընդ որում՝ նման դրվագներն արտահայտված են թե՛ գործողությունների, թե՛ պաշտոնական հայտարարությունների տեսքով: Օրինակ՝ նոյեմբեր ամսվա կտրվածքով կարելի է թվարկել առնվազն 3 գործողություն, որոնք հատուկ են փակուղային վիճակում հայտնված, հետագա քայլերն ու անելիքը դժվար պատկերացնող պաշտոնատար անձին: Դրանք են՝ ա/ գործադիրի ղեկավարի սափրման դրվագը. բ/ պաշտոնանկությունների շքերթի ցուցադրումը եւ գ/ ընտանեկան-աշխատանքային այցը Վատիկան:
Ո՞րն է այդ գործողությունների ուղերձը կամ, եթե ուզում եք, խորհուրդը: Սկսենք թրաշից: Շուրջ 7 տարի պահած թրաշից անակնկալ ազատվելը, դրան որոշակի կարեւորություն տալը կերպարանափոխության, մաքրագործվածի, ինչ-որ առումով նոր եւ ուժեղ մարդու դերում ինքնիրեն ներկայացնելու ճիգ է: Իզուր չէ, որ սափրվելուց հետո հայտարարել էր, թե իրեն ինչ ուզում են, թող կոչեն՝ դավաճան, կապիտուլյանտ, ստախոս, թուրք եւ այլն, բայց չասեն՝ թույլ: Փաստորեն, եթե «թույլ» ասելուց նեղվում է՝ ուրեմն իսկապես թույլ է: Ուշք դարձրեք ԱԺ-ում նրա գոռգոռոցներին, ուժեղ մարդկանց հանդեպ տածած հիվանդագին հակակրանքին, եւ կհամոզվեք: Իսկ միգուցե փորձում է դրանով իրեն տարանջատե՞լ մյուս, ավելի ահավոր պիտակավորումներից: Չի բացառվում:
Մյուս նախանշանը, որ վերահաս վտանգի սպառնալիքի իրադրությունում գտնվող մարդը ձեռքն անգամ փրփուրներին է մեկնում, Փաշինյան ընտանիքի՝ Վատիկան կատարած այցն էր ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումները: Այցը նպատակ ուներ ցույց տալու, որ Փաշինյաններն ընտանյոք հանդերձ՝ Ֆրանցիսկոս պապի հովանու տակ են, վայելում են նրա աջակցությունը, եւ իրենց ոչինչ չի սպառնում: Եռանդագին տարածում էին Պապի հետ հանդիպումները լայնորեն պատկերող լուսանկարներ եւ վավերագրական այլ նյութեր: Իսկ Աննա Հակոբյանը գրում է, որ իրեն օրհնված է զգում «երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու եւ նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ»:
Ահա այսպես. Աննա Վաչիկովնայի հետ ո՞վ կարող է «ոտք մեկնել», երկրում կա՞ Հռոմի Պապից օրհնություն ստացած ուրիշ մեկը: Դժվար թե: Հայաստանի հաջորդ վարչապետը հենց այդպիսին պետք է լինի՝ Արեւմուտքում դրականորեն նկատված, Նիկոլից ավելի խելացի, հավասարակշռված, Նորին Սրբության օրհնանքին արժանացած իսկական կին առաջնորդի տիպար: Դատելով ամենից, մոտավորապես այսպիսի տպավորություն ստեղծելու առաքելությամբ էր Փաշինյան ընտանքը մեկնել Հռոմ, որտեղ, ըստ մամուլի որոշ լուրերի, հետնաբեմային խոսակցություններ են եղել Աննա Հակոբյանի իշխանական նկրտումների շուրջ: Ի դեպ, Փաշինյանի վերադարձից հետո Աննան եւս 10 օր անցկացրեց Հռոմում, 5 օր՝ ԱՄՆ-ում եւ նույնքան ժամանակ էլ՝ Չինաստանում:
Թե ինչով էր 20 օր դրսերում զբաղված ՀՀ առաջին տիկինը, հայտնի է միայն իրեն եւ նրա թիկնապահներին ու հյուրընկալներին: Համենայն դեպս՝ արտերկրյա ԶԼՄ-ներում նման հաղորդագրության ինքս չեմ հանդիպել: Փոխարենը տիկին Հակոբյանի վարչապետական հավակնությունների թեման տեղական մամուլը լավ էլ թմկահարում է: Տիրապետող միտքն այն է, որ երեւանյան քաղաքական վերնախավը՝ մասնավորապես Փաշինյան-Հակոբյան ընտանիքների ամենամերձ շրջանակը հակված է Ալիեւ-Փաշաեւա իշխանական սխեմայի ընդօրինակմանը: Ըստ այդմ՝ առաջին տիկնոջը, որպես ցատկահարթակ, կհատկացվի որեւէ առաջնակարգ պաշտոն, ասենք՝ փոխվարչապետ կամ Պնախարար, որտեղից էլ սահուն անցում կկատարի դեպի վարչապետական:
Հիմա գանք, այսպես կոչված, «փաթեթային» պաշտոնանկությունների թեմային, որը, ըստ էության, նախընտրական տրամադրությունների ծիրում է: Սկզբունքորեն վերը նշված բոլոր «ցուգցվանգային» դրսեւորումները կարելի է տեղավորել 2026-ի նախըտրական գործընթացների համատեքստում՝ որպես ՔՊ-ի «կիսամեռ» վարկանիշին մի փոքր «կենդանություն» հաղորդող ազդակ: Տարօրինակ է, որ Փաշինյանը մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տվել առեղծվածային ազատումներին՝ ընդամենն ասելով, որ «իր խնդրանքով» են ազատման դիմումներ ներկայացրել հայտնի 6 պաշտոնյաները: «Այդ մարդիկ շատ էական ներդրում են ունեցել իրենց աշխատած համակարգերի զարգացման գործում»,- նշել է նա:
Ավելի անհեթեթ, հակասական, իսկ իրավական առումով՝ սնանկ միտք հնարավոր չէ երեւակայել: Թվում է՝ որեւէ համակարգի զարգացման գործում ունեցած «շատ էական» ներդրման համար մարդկանց ոչ թե ազատում են պաշտոնից, այլ ներկայացնում են բարձր պարգեւատրության: Բայց պարզվում է՝ կա նաեւ մտածելակերպի «հակառակ կողմը», որով առաջնորդվում է գործադիրի ղեկավարը որոշումներ կայացնելիս: «Հրաժարականի դիմում ներկայացնելու՝ վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ նշանակում է տապալել սահմանադրական կարգը եւ խարխլել պետության հիմքերը,- «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Իշխանական բուրգում «ցուգցվանգային» իրավիճակի մասին են վկայում նաեւ ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող պաշտոնական հայտարարությունները, որոնք վերջին շրջանում անհամեմատ ավելի են հաճախացել՝ դառնալով առավել սանձարձակ, բաց ու հանդուգն: Դրանք հնչում են մեծապես ադրբեջանանպաստ շեշտադրումներով, թշնամու
«ջրաղացին» ջուր լցնելու անթաքույց դիտավորությամբ: Նման տեքստերը շատ են, մենք կդիտարկենք հայտարարությունների շարքի ամենաաղմկոտներից երկուսը. ա/ Արեւմտյան Հայաստան-Արեւմտյան Ադրբեջան եզրերի համադրում եւ բ/ Անկախության հռչակագրի ներկայացում՝ որպես հայկական պետության չգոյության մասին փաստաթղթի:
Արեւմտյան Հայաստան-Արեւմտյան Ադրբեջան հասկացությունների զուգադրման մասին Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ խոսեց նոյեմբերի 22-ին՝ «Հ1»-ին տված հարցազրույցում, որտեղ զուգահեռներ անցկացրեց Արեւմտյան Հայաստան եզրի եւ Բաքվի կողմից հերյուրված ու իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու նպատակով շրջանառության մեջ դրված «Արեւմտյան Ադրբեջան» շինծու ձեւակերպման միջեւ: Փաշինյանի խոսույթի ատաղձը, որի վրա կառուցել է հիմնական ասելիքը, նույնքան կեղծ ու խախուտ է, որքան՝ «Արեւմտյան Ադրբեջան» հորինողներինը: «Ոնց որ ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», եւ դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արեւմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- ասել է նա։
Եթե Փաշինյանի այս համեմատությունը մեր հանությանը միտումնավոր մոլորեցնելու եւ ադրբեջանական քարոզչությանը տոն տալու նպատակ չունի, ուրեմն նրա՝ պատմության չիմացությունից է գալիս: Հետեւաբար՝ կդիմենք պատմաբանների օգնությանը: Այսպես՝ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ Արեւմտյան Հայաստանը հայության պատմական հայրենիքն է, իսկ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը՝ վերջին տասնամյակներում այդ երկրի պետական ու քաղաքական այրերի հորինած կեղծ թեզ: «Արեւմտյան Հայաստան» աշխարհագրական հասկացությունը, ըստ պրոֆեսորի, կա 4-րդ դարից՝ 387թ.-ից սկսած. երբ 395թ.-ին ստեղծվեց Բյուզանդական կայսրությունը, նրա տիրապետության տակ մնացած հատվածը կոչվեց Արեւմտյան Հայաստան։
«Այս երկուսը բացարձակապես համեմատելի չեն, քանի որ Արեւմտյան Հայաստանը ճանաչված է մեր պատմական հայրենիքի արեւմտյան հատված, ուր ստեղծվել է մեր պատմամշակութային ժառանգության մեծագույն մասը, սակայն Եղեռնի արդյունքում մենք այն կորցրել ենք»,- պարզաբանել է Մելքոնյանը՝ հավելելով, որ «Արեւմտյան Ադրբեջանը» նույնքան շինծու եզր է, որքան թուրքերի հորինած «Արեւելյան Անատոլիան», այսինքն՝ թուրքերը նկատի ունեն Արեւմտյան Հայաստանը։ Հայոց մեծ եղեռնից առաջ Օսմանյան կայսրությունում գործածվում էր «Էրմինիստան» եզրը։
Այժմ երկու խոսք Անկախության հռչակագրի մասին, որի յուրովի մեկնաբանությունը Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 14-ին՝ ԱԺ-ում Հայաստանի 2025-ի բյուջեի քննարկման ընթացքում: Տեսեք՝ պետական բյուջե եւ Անկախության հռչակագիր՝ միմյանց մեջ չներհյուսվող եւ միմյանց հետ ոչ մի կերպ չառնչակցվող թեմաներ… Բայց փույթ չէ, կառավարության ղեկավարը հայտարարում է. «Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»։ Սա այն նույն անձն է, որն ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հռչակագրի ընդունման շնորհավորական ուղերձում փաստաթղթի ընդունումը կարեւորում էր հատկապես անկախության եւ ինքնիշխանության դիտանկյունից:
Լավ, այսպիսի մի հարց. Հռչակագրի ընդունումից մինչեւ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություն» անցել է մոտ 30 տարի: Այդ ողջ ընթացքում ինչպե՞ս է պետությունը ոչ միայն գոյություն ունեցել, այլեւ բարեհաջող պահպանել է իր կենսունակությունը: Ավելին՝ 30 տարում պատերազմ է հաղթել այդ պետությունը, բաց ճակատով Եռատոներ է տոնել, աղետի գոտի է վերականգնել, տնտեսական կայուն առաջընթաց է ունեցել, հայկական երկու պետություն է անվնաս պահել-պահպանել, եւ ամբարիշտ հարեւանը չի կարողացել դույզն-ինչ թպրտալ:
Անշուշտ, եղել են սայթաքումներ, թերացումներ, դժվարություններ, բայց պետության գոյության-չգոյության հարց երբեք չի քննարկվել, ոչ մեկի մտքի ծայրով անգամ չի անցել, որ Արցախը երբեւէ կդավաճանվի, իսկ Հայաստանի գոյությունը կդրվի կասկածի տակ: Նման վիճակի հայությունը հասել է չարաբաստիկ 2018-ից հետո՝ քայլ առ քայլ: Հիմա կանգնել, պետության չգոյությունից եք բարբաջում, ա՛յ դավաճան-թալանչիներ: «Քաղպայմանագիր» անունով արհավիրքը դեռ պատասխան է տալու, թե ինչպես 6 տարվա մեջ հայկական երկու բարեշեն պետություն քանդեց:
Գեւորգ Բրուտենց; Հայացք Երևանից
Բաց մի թողեք
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞
Հայաստանի չմասնակցելը «չհուզեց» որևէ երկրի, Բաքուն երբ կվերադառնա բանակցությունների