22/12/2024

Տղամարդը հայտնել է, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է փոխհատուցած խոշոր գումարը հետ վերադարձնել

Նոյեմբերի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Կիմ Կ․-ն և հայտնել, որ 2018 թվականին իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ ինքը ընդունել է իր մեղավորությունը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը իր նկատմամբ որոշում է կայացրել, սակայն տարիներ անց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ փոխհատուցված 929.000 դրամ գումարը հետ գանձելու նպատակով՝ պատճառաբանելով, որ ինքը վթարի վերաբերյալ իրենց տեղյակ չի պահել, սակայն տեղյակ է պահել մյուս վարորդի հեռախոսով:

Գրավոր դիմել են նշված ապահովագրական ընկերությանը՝ պահանջելով, որ տրամադրեն վթարի օրվա հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները՝ սակայն ապահովագրական ընկերությունը չի տրամադրել դրանք՝ փորձելով իրենից խաբեությամբ գումար հետ գանձել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից կատարվում են աշխատանքներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: