12/12/2024

Անկուսակցականը հաղթել է ՔՊ-ականներին․ ՔՊ-ն պարտվեց

ՔՊ–ն երեկ ամփոփել է փրայմերիզի արդյունքները, որոնց համաձայն անկուսակցականը հաղթել է ՔՊ-ականներին:

Ըստ այդմ՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։ Երկրորդ տեղում էր Շիրակի նախկին մարզպետ, ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը` հավաքելով ընդամենը 143 ձայն։

Այսպիսով, առաջին ուշագրավ արձանագրումը. Գյումրիում ՔՊ-ի վարկանիշը սարսափելի ցածր է, ինչի հետևանքով՝ «չարյաց փոքրագույնի» սկզբունքով, գյումրեցիները կուսակցական փրայմերիզի ժամանակ որոշեցին գերապատվությունը տալ ոչ կուսակցական մեկին, ով նախորդ գումարման խորհրդարանում եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

Փրայմերիզին մասնակցել է 1000-ից մի փոքր ավելի մարդ, ինչը էլեկտորալ առումով չնչին մի թիվ է Գյումրիի համար:

Սարիկ Մինասյանը համարվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի թիմակիցը: Արման Սահակյանի բիզնեսները ծաղկել են նախկին իշխանությունների օրոք, սակայն նա հաջողությամբ ինտեգրվել է այսօրվա իրականությանը:

Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի առաջիկա ընտրություններում որոշել են օգտագործել Արման Սահակյանի ռեսուրսը, ապա այդ փաստն ինքնին հուշում է, որ Գյումրիում կառավարող կուսակցության վարկանիշը շատ ցածր է:

Եվ վերջապես, Գյումրիի փրայմերիզը ևս մեկ անգամ փաստեց, որ Փաշինյանը սկսել է սեփական թիմը թիրախավորելու գործընթաց՝ համապետական ընտրությունների շեմին փորձելով հանդես գալ նոր այցեքարտով:

Սուրեն Սուրենյանց