20/10/2026

EU – Armenia

Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները

Հոկտեմբերի 15-16-ը Հայաստանում մեկնարկեց COP17 կենսաբազմազանության գագաթնաժողովը, որին այս իշխանությունները թվում է, թե լավ են պատրաստվել` գոնե գագաթնաժողովի անցկացման համար ծախսված գումարի չափն այդ մասին է խոսում:

Հրապարակ թերթը գրել է․ Համաժողովի կազմակերպման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից նախնական հատկացվել էր շուրջ 18.5 միլիարդ դրամ, որից 290 միլիոն դրամ ծախսվել է պատվիրակների համար էկո-պայուսակների, թերմոսների եւ բեյջերի թելերի գնման վրա: Ներքին իրազեկման եւ գովազդային արշավների համար տրամադրվել է մոտ 452 միլիոն դրամ։

Բայց գլխավոր հարցն այն է, թե որքանով իրեն կարդարացնի 18.5 միլիարդ դրամի ծախսը` այն դեպքում, երբ Հայաստանում ծայրահեղ աղքատության ու աղքատության չափազանց բարձր ցուցանիշ ունենք, երբ գյուղատնտեսությամբ ու արտահանմամբ զբաղվող կազմակերպությունները ճգնաժամի մեջ են, առողջապահության ապահովագրման համակարգն է տապալվել, անտուն արցախցիներ կան:

Նախ արձանագրենք, որ COP17-ին Հայաստան ժամանած երկրների առաջնորդների ցանկն էր չափազանց աղքատիկ` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, Տաջիկստանի ու Ղրղզստանի, Կիրգիզիայի նախագահները, Զանզիբարի Hանրապետության ներկայացուցիչը, ընդհանուր թվով` 15 ղեկավար: Իսկ Փաշինյանի սիրելի Ադրբեջանից ներկայացուցիչ ընդհանրապես չկար, Թուրքիան էլ, որպես բարի «կամքի» դրսեւորում, Հայաստան էր գործուղել գյուղատնտեսության նախարարին: Մինչդեռ մայիսին` ընտրությունների նախօրյակին, Հայաստան էին ժամանել եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարներն ու ԵՄ ներկայացուցիչները՝ Մակրոն, Ուրսուլա ֆոն Դեր Լայեն եւ այլք:

Իսկ ինչպիսին էր 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի մասնակցության ձեւաչափը: Ադրբեջան էին մեկնել Թուրքիայի նախագահ Էրդողանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Պակիստանի, Բելգիայի, Հունգարիայի, , Չեխիայի, Իտալիայի վարչապետները, Լեհաստանի նախագահ Դուդան, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Համաժողովին ներկա էին նաեւ Հունաստանի, Կիպրոսի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Մալթայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: ԱՄՆ-ից մեծ պատվիրակություն էր ներկա այդ համաժողովին, չնայած նախագահ Ջո Բայդենը ներկա չէր` պատվիրակության կազմում էին ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը, գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսաքը եւ ավելի քան 20 այլ գերատեսչությունների ղեկավարներ: Ժամանել էին նաեւ կոնգրեսականներ` Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն (ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ): Նրանց թվում էր նաեւ հայտնի կոնգրեսական, հայկական հարցերով համախմբման համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Տարբերությունն առավել քան խոսուն է: Գաղտնիք չէ, որ նման համաժողովները կամ գագաթնաժողովները խորքում քաղաքական եւ աշխարհաքաղաքական բնույթ ունեն: Ադրբեջանն իր վարած բազմավեկտոր քաղաքականությամբ, Ադրբեջանի «ազգային» շահը հետապնդելով՝ կարողացել է աշխարհի կարեւորագույն կենտրոնների ուշադրությունը գրավել դեպի իրեն: Ցավոք, նույնը չենք կարող ասել Հայաստանի պարագայում:

Փորձենք համեմատել նաեւ Ադրբեջանի կողմից 2024-ի համաժողովի համար ծախսված գումարները 2026-ին Հայաստանի կատարած ծախսերի հետ: Միջազգային վերլուծաբանները եւ տնտեսական փորձագետները (ինչպես նշում է Global Voices հարթակը) հաշվարկել են, որ Բաքվի համաժողովի կազմակերպման անուղղակի եւ ընդհանուր ծախսերը գերազանցել են 1 միլիարդ ԱՄՆ դոլարը, սակայն այս գումարը ծախսվել է ոչ թե ժամանակավոր տաղավարներ կառուցելու եւ 55 դրամանոց բեյջի թելը 1200 դրամով գնելու վրա, ինչպես արել է Հայաստանը, այլ հսկայածավալ եւ մնայուն աշխատանքների: Հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Բաքվի օլիմպիական մարզադաշտի եւ հարակից տարածքներում, լայնածավալ վերակառուցում, կահավորում, քաղաքային ենթակառուցվածքների, տրանսպորտային համակարգի, լոգիստիկայի եւ անվտանգության ապահովման ծախսեր, հյուրանոցային սեկտորի նախապատրաստում եւ հազարավոր պատվիրակների ընդունման հետ կապված ծախսեր:

Apa.az-ը հաղորդել է, որ, Միլի Մեջլիսին ներկայացված բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն, սկզբնական փուլում պետբյուջեից հատկացվել է 10 միլիոն մանաթ՝ մոտ 5.8 միլիոն դոլար:

Միջազգային Global Voices վերլուծական հարթակի հրապարակած տվյալների համաձայն՝ անկախ տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին նշել է, որ միայն Բաքու քաղաքի լայնածավալ վերանորոգման եւ նախապատրաստական աշխատանքների համար հատկացվել է շուրջ 470 միլիոն մանաթ՝ մոտ 277 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ծախսած գումարները քամուն չեն տրվել, այլ կոնկրետ ու երկարաժամկետ արդյունքներ են ապահովել: Իսկ ՀՀ-ում գագաթնաժողովի համար ծախսած գումարները բազում հարցեր են առաջացնում, եւ, ինչպես ընդդիմությունն է ասում՝ դրանցից կոռուպցիոն ռիսկի «հոտ» է գալիս: Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի առնչությամբ հրապարակում են արել նաեւ միջազգային լրատվամիջոցները. OC Media պարբերականը, հղում անելով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, որոնք քննադատել են գնումների գործընթացն առանց մրցույթ իրականացնելու՝ մեկ անձից գնման ընթացակարգով եւ խոշոր կանխավճարներ փոխանցելու պրակտիկան։ Caspian Post լրատվականը հրապարակել է մանրամասներ այն մասին, որ կազմակերպչական աշխատանքների համար ավելի քան 5 միլիոն դոլար է հատկացվել Doping Space ընկերությանը։ Լրատվականը հիշեցրել է, որ սա այն նույն ընկերությունն է, որը ձախողել էր ռեփեր Սնուփ Դոգի երեւանյան համերգի կազմակերպումը, ինչը կասկածի տակ է դնում նման մասշտաբի միջոցառումը նրանց վստահելու տրամաբանությունը։ Իսկ CivilNet-ն իր անգլալեզու հետաքննական հոդվածում նշում է, որ Doping Space-ին տրված գումարն ավելին է․ ՀՀ կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով շուրջ 3.5 միլիարդ դրամի՝ ավելի քան 8.9 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագրեր է կնքել Doping Space ընկերության հետ, չնայած պետության հետ ունեցած ֆինանսական դատական վեճերին: Թե որքանով են արդարացված այս ահռելի ծախսերը, եզրակացությունը թողնում ենք ընթերցողին: