Հյուպատոսական որոշ ծառայություններ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առավել դյուրին ու հասանելի են դարձել տեսակապի միջոցով։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորություն է ընձեռում, որը կապված է ինչպես ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու, այնպես էլ Հայաստան վերադարձի վկայական ստանալու հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանն ունի 55 հյուպատոսական կետեր աշխարհի 43 երկրում, սակայն այդ հյուպատոսական ծածկույթը բավարար չէ, և մի շարք պետություններում քաղաքացիների համար դեսպանությունները հասանելի չեն, ինչից ելնելով էլ՝ տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորությունը բավականին կարևորվում է՝ խնայելով ժամանակ և ֆինանսական միջոցներ։
«Ներկայում տեսակապի միջոցով հնարավոր է ստանալ (փոխանակել) ՀՀ քաղաքացու անձնագիրը, իսկ հրատապ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության դեպքում՝ նաև ստանալ ՀՀ վերադարձի վկայական»,-նշել է Պետրոսյանը՝ հստակեցնելով, թե տեսակապի միջոցով ի՞նչ հյուպատոսական ծառայություններից կարող են օգտվել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները:
Անդրադառնալով հարցին, թե որ դեպքերում է, որ քաղաքացիները կարող են անձնագիր ստանալու համար դիմել տեսակապի միջոցով՝ Արթուր Պետրոսյանը տեղեկացրել է, որ տեսակապով դիմելու անհրաժեշտություն հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քաղաքացին գտնվում է այնպիսի օտարերկրյա պետությունում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հյուպատոսական հիմնարկ չունի, ինչպես նաև այնպիսի բնակավայրում, որտեղից մոտակա հյուպատոսական հիմնարկը գտնվում է հարյուրավոր, իսկ երբեմն նաև հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։
«Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին որևէ այլ պատճառով ֆիզիկապես հնարավորություն չունի անձամբ ներկայանալու մոտակա դեսպանություն»,-ասել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը։
Վերջինս, խոսելով նաև տեսակապով ծառայությունների համար սահմանված վճարումների մասին, մասնավորապես, նշել է, որ այդ դեպքում սահմանված է լրացուցիչ 25,000 ՀՀ դրամ պետական տուրք։
«Օրինակ, եթե դեսպանություն դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը 65,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու դեպքում պետական տուրքը կազմում է 90,000 ՀՀ դրամ։ Համապատասխանաբար, եթե ՀՀ վերադարձի վկայականը դեսպանությունից ստանալու պետական տուրքը 20,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու պարագայում 45,000 ՀՀ դրամ է»,-ասել է Արթուր Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ դիմումների աշխարհագրությունը բավական լայն է, քանի որ հարցումներ են ստացվել Ռուսաստանի Դաշնության հեռավոր վայրերից, Եվրոպայից, Ասիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, դիմումներ են եղել նույնիսկ Նոր Զելանդիայից և Գվինեայից:
Բաց մի թողեք
Գնդակահարության պատ. Փաշինյանը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները
Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր հայտարարագրի վերաբերյալ մեկնաբանություններին