15/01/2025

Ալիևը նոր պատերազմ է գովազդում տարածաշրջանում

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ իրականացված օպերատիվ-հետաքննական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆահրադին Շահմուրովը, Ջալալ Մուրադովը, Քյամրան Բաբաևը և ուրիշներ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ ծանր և ծանրագույն հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խումբ են ստեղծել, նախապատրաստվել են պետական կառույցների դեմ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և սոցիալական ցանցերում ստեղծելով փակ խմբեր:

Դատելով պաշտոնական հաղորդագրության ենթատքստից՝ խոսքը վերաբերում է հանցավոր խմբի բացահայտմանը, որ նպատակ է ունեցել գրավել Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի ենթակայության կետերից մեկը, պատանդ վերցնել աշխատակիցներին, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները»: Ըստ հաղորդագրության, Շահմուրովը, Մուրադովը և Բաբաևը կալանավորված են, հարուցված է քրեական գործ, նախաքննությանը ներգրավված են նաև այլ անձինք:

Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է ցամաքային սահմանների «հատուկ կարանտինային ռեժիմը», թեև ակնկալիքներ կային, որ Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին ընդառաջ կառավարությունը կչեղարկի նակինում ընդունած որոշումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հիմնավորել է, որ ցամաքային սահմանների փակումը բխում է անվտանգության նկատառումներից:

Այդ մոտեցումն ավելի պարզ բացատրում են իշխող ուժից Միլլի մեջլիսի պատգամավորները: Նրանք գրեթե բաց ասում են, որ հարևան Իրանը կարող է ենթարկվել հարձակման, իսկ այդ դեպքում էթնիկ ադրբեջանցիներն «ապաստան կփնտրեն Ադրբեջանում»: Թե ինչ հետևանքներ կունենա դա իշխող վարչախմբի համար, դժվար չէ պատկերացնել:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը չի մանրամասնում, թե բացահայտված հանցավոր խումբը կոնկրետ ո՞ր մաքսակետը գրավելու, աշխատակիցներին պատանդ վերցնելու և քաղաքական պահանջ ներկայացնելու ծրագիր է ունեցել, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է իրանա-ադրբեջանական սահմանին:

Ադրբեջանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Երեք երկրներից ամենաբարդ հարաբերություններն Իրանի հետ են: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանում առկա ավելի քան 331 քաղբանտարկյալներից 233-ը հավատացյալներ են: Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել որպես Իրանի հատուկ ծառայությունների գործակալներ:

Մաքսային կետի դեմ հարձակման, աշխատակիցներին պատանդ վերցնելու և քաղաքական պահանջներ ներկայացնելու գործով մի խումբ անձանց ձերբակալության մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել մի իրավիճակում, երբ Սիրիայում «հեղափոխություն» է, իսկ միջազգային մամուլը կանխատեսում է, որ իշխանափոխության հաջորդ թիրախ է լինելու Իրանի իսլամական Հանրապետությունը:

Միաժամանակ արևմտյան մամուլը զուգահեռներ է անցկացնում Սիրիայում Ասադի դինաստիական իշխանության և Ադրբեջանում Ալիևների կլանի տիրապետության միջև: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները նույնպես ակնարկում են, որ սիրիական «հեղափոխության ալիքը կարող է հասնել Բաքու»:

Խորքային առումով այդ քարոզչությունը կարող է հակառակ իմաստն ունենալ. ավելի հավանական է, որ Ադրբեջանը կարող է Իրանում անկայունություն սադրելու գործիք հանդիսանալ: Եթե իրականում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Իրանի հետ մաքսային անցակետը գրոհելու, աշխատակիցներին պատանդ վերցնելու և քաղաքական պահնաջներ ներկայացնելու ծրագիր ունեցող խումբ, ապա ամենևին էլ բացառված չէ, որ Բաքուն պարզապես անոնսավորում է տարածաշրջանային անկայունություն:

Այդ գործը կարող է առիթ ծառայել, որպեսզի Ադրբեջանը գեներացնի «արտաքին ագրեսիայի ենթարկվելու» քարոզչություն: Վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի զինվորական շրջանակների միջև շփումները, հավանաբար, հնարավոր զարգացումներին «համարժեք արձագանքելու» ենթատեքստ ունեն: