13/01/2025

Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափի գումար

2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հազար ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով՝ հրաժարվել վերադարձնել գումարը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից:

2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: