13/01/2025

Օդանավի աղետից Ալիևը ձգտում և ձգտելու է հնարավորինս առավել շահ կորզել Պուտինից

Հունվարի 1-ին Բաքու-Կազան չվերթի Embraer 190/195 օդանավը «GPRS համակարգի խաթարումների և խանգարումների է բախվել, երբ թռչում էր Աստրախանի մարզի օդային տարածքով»:

Այդ մասին հայտնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը՝ հղելով Ադրբեջանի քաղավիացիայի մարմիններում իր աղբյուրին, որ խոսքերով՝ «ինքնաթիռի բնականոն կապը վերականգնվել է, երբ այն հեռացել է Աստրախանից»:

Ըստ նույն աղբյուրի, այդ ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ և հակահրթիռային ուժերն «աշխատել են Աստրախանը գրոհող ուկրաինական ԱԹՍ-երի դեմ, սակայն ՌԴ պատկան մարմինները «գորգ» գործողության ռեժիմ չեն հայտարարել»:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Հյուսիսային Կովկասի օդային տարածքը շրջանցելու որոշում են կայացրել չինական մի քանի ավիաընկերություններ, որ թռիչքներ են իրականացնում դեպի Եվրոպա:

Ադրբեջանական AZAL-ը հայտարարել է Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքների հետ օդային հաղորդակցությունը «ժամանակավորապես դադարեցնելու» մասին: Բաքվի մամուլում կարծիք է հնչել, որ դեպի Գրոզնի և Մախաչկալ «չվերթներ չեն իրականացվի երկար ժամանակ»: Ադրբեջանում շատ ցավոտ են տարել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից մեկ օր անց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից իր զարմիկին պարգևատրելու փաստը:

Ինչպես պարզվում է վերոնշյալ տեղեկատվությունից, Բաքուն Կազանի հետ օդային հաղորդակցությունը չի խզել, չնայած որ Թաթարստանի մայրաքաղաքը վերջին ամիսներին մի քանի անգամ ուկրաինական ԱԹՍ-երի հարձակման թիրախ է դարձել: Թաթարստանը ՌԴ թուրքախոս ամենախոշոր սուբյեկտն է, որի հետ կենտրոնական իշխանությունների հարաբերությունները միշտ բարդ են եղել:

Ինքնավարության առաջնորդ Մենիխանովը անձնական ջերմ հարաբերություններ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի նախագահի հետ: Նա պարբերաբար այցելում է Բաքու և Անկարա: Թաթարստանի մի շարք ընկերություններ Ադրբեջանի «ազատագրված տարածքներում վերականգնողական ծրագրերի կապալառու են»:

Անցյալ տարի ինքնավարության ղեկավար Մենիխանովը մասնակցել է Ջեբրայիլում ԿամԱԶ բեռնամեքենաների տեխսպասարկման և վերանորոգման ձեռնարկության հիմնարկեքի արարողությանը:

Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Թաթարստանի ղեկավար Մանիխանովին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով: Հրամանագրի պաշտոնական տեքստում ասված է, որ նա այդ պարգեւին արժանանում է «Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում հատուկ ծառայությունների համար»:

Նախագահական հրամանագիրն, իհարկե, չէր կարող արձանագրել, որ խոսքն առաջին հերթին Թաթարստան-Ադրբեջան բարեկամության և համագործակցության մասին է. ֆորմալ առումով Թաթարստանը դաշնային պետության սուբյեկտներից մեկն է, բայց Կազան-Բաքու հարաբերությունները փաստացի անկախ-միջպետական են:

Դեկտեմբերի 25-ից հազիվ մեկ շաբաթ անց ադրբեջանական մարդատար օդանավը երկրորդ անգամ ենթարկել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությանը՝ չի՞ նշանակում, որ Ռուսաստանը Բաքու-Կազան հարաբերությունների առանձնահատուկ բնույթի առումով որոշակի կասկածամտություն ունի, եթե, իհարկե, «Թուրանի» տարածած տեղեկատվությունը գոնե մոտ է իրականությանը:

Բայց ավելի ինտրիգային կլինի, եթե Բաքու-Կազան չվերթի օդանավի «կուրացման» մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական ավիացիոն իշխանությունները: Դա կնշանակի, որ Բաքուն Մոսկվայից ավելի խորքային դժգոհություններ ունի կամ Ալիևին «կողքից հուշում են», որպեսզի Ադրբեջանի և ՌԴ թուրքխոս սուբյեկտների «առանձնահատուկ հարաբերությունների անհրաժեշտությունն» ակտուալացնի:

Օդանավի աղետից Ալիևը ձգտում և ձգտելու է հնարավորինս առավել շահ կորզել: Շատ հավանական է, որ այս փուլում դա Թաթարստանի հետ հարաբերությունների լիակատար ազատականացման պահանջն է: Ընդ որում, այդ հարցը, երեւի, միասնաբար Պուտինի «սեղանին կդնեն» Ալիևը և Մենիխանովը: