17/01/2025

Ասադը բռնապետ-դահիճ է, Հարավային Կովկասում քաղաքական «կաթնեղբայր» ունի՝ Իլհամ Ալիևին

«Երբ նոր էի սկսում իմ (իրավապաշտպանի) գործունեությունը, ինձ կանչեցին գլխավոր դատախազության քննչական գլխավոր վարչություն և պահանջեցին դադարեցնել աշխատանքս: Բայց ես չէի կարող լռել, երբ դիվանագետին տանջում են էլեկտրաշոկով, միզում երիտասարդ ակտիվիստի դեմքին, բանտ են նետում լրագրողներին: Ես կշարունակեմ իմ գործունեությունը»,- փաստաբանի միջոցով ֆեյսբուքյան գրառում է հրապարակել անցած դեկտեմբերի 3-ին ձերբակալված Ռուֆաթ Սաֆարովը:

Ալիևյան ռեժիմը նրան մեղադրում է խուլիգանության և խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա կալանքը: Որևէ կասկած չկա, որ այդ ժամկետը կերկարաձգվի, Սաֆարովը կկանգնի «դատարանի» առջև և կպատժվի երկարաժամկետ ազատազրկման, որովհետև նա խնդիր ունի ոչ թե ոստիկանության, դատախազության կամ Պետական անվտանգության ծառայության, այլ անձամբ Ադրբեջանի նախագահի հետ:

Սաֆարովը բացահայտել է ձերբակալության, շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցման և կալանավորման իրական պատճառը: Նա գրել է, որ նախագահի աշխատակազմից իր հոր միջոցով պահանջ է փոխանցվել, որ պարտավոր է հրապարակային հայտարարությամբ հրաժարվել ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից իրեն շնորհված մրցանակից, ինչը նա չի արել՝ արդարացիորեն համարելով, որ դա իրավապաշտպանության բնագավառում իր աշխատանքի «գլոբալ գնահատականն է»:

«Պարգևատրման հարցում իմ դիրքորոշումը զայրացրել է իշխանություններին, և նրանք հրահանգել են, որ ինձ ձերբակալեն: Բայց ես քննչական մեկուսարանից հայտարարում եմ, որ այսուհետ ևս շարունակելու եմ իրավազրման դեմ պայքարը»,- ադրբեջանական և միջազգային հանրությանն ուղղված դիմումն ամփոփել է Ռուֆաթ Սաֆարովը:

Տարեսկզբին հայտարարություն է տարածել նաև AbzasMedia առցանց հեռուստաընկերության կալանավորված լրագրող Սևինջ Վագիֆկըզին և բացահայտել, որ քննչական մեկուսարանում կանանց նկատմամբ «կիրառվում է հոգեբանական և ֆիզիկական բռնություն»: Մանրամասնություններ նա չի ներկայացրել, բայց կարելի է պատկերացնել, թե խոսքն ինչի մասին է: Նա հայտարարել է, որ երբ կին կալանավորները մեկուսարանի պետին բողոք են ներկայացրել, ստացել են պատասխան: «Իսկ երբ դու պետության դեմ հանցանք էիր գործում, չէի՞ր մտածում, որ հայտնվելու ես այստեղ և արժանի հատուցում ես ստանալու»: Ալիևյան ցերբերն այդպիսով խոստովանել է, որ կանայք բարոյական և ֆիզիկական բռնությունների են ենթարկվում իշխանությունների ուղղակի հրահանգով:

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Հայաստանին «ծաղրել է», որ Մերձավոր Արևելքում Բաշար Ասադի նման «դաշնակից ուներ, որից զրկվել է»: Ալիևը Դամասկոս է գործուղել ձեռնասուն լրագրող Ֆաթուլլաևին, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Սիրիայի «անցումային կառավարության» աջակցությամբ ռեպորտաժներ է վարում Ասադի ռեժիմի չարագործությունների մասին, ներկայացնում ստորերկրյա զնդանները, որտեղ կտտանքների են ենթարկվել ռեժիմի քաղաքական հակառակորդները:

Որքանո՞վ են իրական այդ պատկերները, որքանո՞վ՝ մոնտաժված՝ այլ հարց է. բացառված չէ, որ տարիներ անց Ասադին վերագրվող հանցանքները հերքվեն, ինչպես Սադամի կամ Քադաֆիի դեպքում: Էական է, որ Իլհամ Ալիևը մտնում է միջազգային թրենդի մեջ, փորձում հաղթահարել Բաշարի հետ ընտանեկան մտերմության և քաղաքական կերպարի գրեթե նույնականության բարդույթը:

Ռուֆաթ Սաֆարովի և Սևնջ Վագիկըզիի բանտային բացահայտումներն ամենևին էլ պատահական չեն: Դրանք միջազգային հանրությանը, ամենից առաջ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմին հղած հստակ ուղերձներ են: Ռուֆաթ Սաֆարովին տարվա ամենագործունյա իրավապաշտպանի մրցանակ ոչ թե Էնթոնի Բլինքենն է շնորհել՝ ի հեճուկս Իլհամ Ալիևի, այլ՝ աշխարհում դեմոկրատիայի պաշտպան Միացյալ Նահանգները:

Սաֆարովի կողմից ալիեւյան կտտանքների մեքենայի ոչ լրիվ բացահայտումը զգուշացում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի կարող աչք փակել ադրբեջանական հանրության իրավազրկության հանդեպ և ռազմավարական համագործակցություն կառուցել ալիևյան վարչախմբի հետ: Իսկ նման հավանականություն Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում անոնսավորել է:

Ռուֆաթ Սաֆարովը, մյուս քաղբանտարկյալները, ցավոք, չեն անդրադառնում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ անձանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունների, արդարացի դատավարության, պաշտպանվածության նրանց իրավունքի բռնադատման հարցերին:

Բայց եթե ադրբեջանցի նախկին դիվանագետին էլեկտրաշոկի են ենթարկում նրա համար, որ նա 2023թ. սեպտեմբերի19-ին Ալիևի հրահանգավորած «հատուկ ռազմական գործողությունն» անվանել է «ուժի անհամաչափ և անիմաստ կիրառում», ապա միայն պատկերացնել կարելի է, թե Բայիլովյան բանտում գեստապոյական ինչ ռեժիմ է գործում ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչների նկատմամբ:

Իրական, առարկայական, ադբեջանցի իրավապաշտպանի և լրագրողի կողմից փաստված ֆաշիզմը դա է, իսկ Բաշար Ասադը, եթե իրոք բռնապետ-դահիճ է, ապա Հարավային Կովկասում միայն քաղաքական «կաթնեղբայր» ունի՝ Իլհամ Ալիև, որ նույնպես իշխանությունը ժառանգել է ոչ պակաս բռնապետ հորից: Եթե արխիվները բացվեն, չպետք է կասկածել, կապացուցվի, որ Հեյդար Ալիևը և Հաֆեզ Ասադը նույնպես եղբայրացած էին: