14/01/2025

Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. Լուսանկար

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, արդեն դադարում է հետաքրքրել ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային աշխարհին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար համարվող Արմեն Նիկողոսյանի դեմ դուրս եկան ակումբներ, ֆանատական շարժումներ, ու բոլորին պարզ է, որ եթե մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրություններ այս մարդիկ չհեռանան ֆեդերացիայից, ապա նրանց հովանավոր Նիկոլ Փաշինյանը կկորցնի տասնյակ հազարավոր ձայներ սպասվող ընտրություններում։

Արմեն Մելիքբեկյանին ընդդիմությունը թերեւս վերջում պարգեւատրի՝ Փաշինյանի դեմ հազարավոր ձայներ ապահովելու համար. իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՖՖ ներկա ղեկավարության օրոք ֆուտբոլից դուրս եկավ հերթական ներդրողներից ռուսաստանաբնակ գործարար ու Երեւանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով տեւական ժամանակ է, ինչ քննադատում է ՀՖՖ ղեկավարությանը՝ մեղադրելով վերջիններիս ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների, բուքմեյքերական ընկերությունների հետ աշխատելու, հայկական ֆուտբոլում աննախադեպ նահանջ գրանցելու ու բազմաթիվ այլ մեղքերի համար։

Սողոմոնյանի, ինչպես նաեւ նրանից առաջ ֆուտբոլը լքած ակումբների սեփականատերերից եւ ոչ մեկի հետ իշխանությունը կապի դուրս չեկավ ու չփորձեց նույնիսկ կարգավորել խնդիրները, ինչը նշանակում է թքած ունենալ խաղի միլիոնավոր սիրահարների ու հայկական ֆուտբոլի ապագայի վրա։

Ինչ վերաբերում է ՀՖՖ «գրանցած հաղթանակին», ապա խոսքն ուրբաթ օրն իրենց կողմից տարածված լուրի մասին է, իբրեւ թե դատարանը պարտավորեցրել է «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանին վճարել 800 հզ դրամ գումար։

Մենք փորձեցինք ուսումնասիրել դատական ակտը (ԵԴ/66834/02/22), ու քանի որ ՀՖՖ-ն շարունակում է չարձագանքել մեր զանգերին ու դիմումներին, իսկ պատասխանող կողմի փաստաբանական թիմի հետ եւս հնարավոր չեղավ կապի դուրս գալ, ուստի անարձագանք մնացած հարցերին պատասխանել հնարավոր չեղավ:

Օրինակ՝ Արթուր Սողոմոնյանն իր հայտնի հարցազրույցում մեղադրանք էր հնչեցրել ԲԿՄԱ-ի ու այնտեղ այն ժամանակ ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստի մասին, ում մայրը ՏԿ փոխնախարար էր, իսկ հայրը ՀՖՖ գործկոմի անդամ. չկա մեկնաբանություն, ու ստացվո՞ւմ է, որ Փյունիկի սեփականատերը ճիշտ էր։ Կարելի է ենթադրել, որ Սողոմոնյանին դատարանը պարտավորեցնում է 4-5 մեղադրանքներից միայն մեկով, այն էլ մասնակի մեղավոր ճանաչել (հայցվորը պահանջում էր 2 մլն դրամ, իսկ դատարանը բավարարել է 800 հզ դրամը)։

Իհարկե, տոտալ ձախողումների կնքահայր ՀՖՖ-ի համար սա եւս հաղթանակ է, այն էլ՝ շռնդալից, սակայն իրականում հնարավոր է բոլորովին այլ բան ստացվի, առավել եւս, եթե ակտը բողոքարկվի վերադասության կարգով։

Ի դեպ, ՀՖՖ ֆեյսբուքյան էջում շատ հաճախ չի հայտնվում մեր տարբեր տարիքային ու կանանց հավաքականների միջազգային խաղերի արդյունքները, քանի որ դրանք ավարտվում են հիմնականում խայտառակ հաշիվներով ու պարտություններով, բայց, արի ու տես, որ ֆեդերացիայի ղեկավարների համար ավելի կարեւոր է դատական ակտի մասին հրապարակում անելը, այն էլ՝ սեփական տեսանկյունից ներկայացված։

Հ. Գ. կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին խոսող մեր իշխանությունները հիանալի շանս ունեն ուսումնասիրություններ սկսելու ՀՖՖ-ում, կամ գոնե բանակից ըստ էության ազատվող, ապա ֆուտբոլով չզբաղվող զինվորների թեման ուժայիններին կարող է հետաքրքրել։ Սրանք գործեր են, որոնց վերաբացումն անպայման տեղի է ունենալու»:

Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ»