Երեկ՝ հունվարի 19-ին լրացավ Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջակիզված 15 զինծառայողների հիշատակի 2-րդ տարին։
Չնայած այն բանի, որ առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանն ամբողջ մեղքը վերցրել է իր վրա և կատարվածը որակել իր կողմից անզգուշության հետևանք, զոհված զինծառայողների ծնողները գոհ չեն դատավարական ընթացքից։ Գաբրիել Կիրակոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 2 տարի է՝ իրարամերժ վարկածներով, հակասող ցուցմունքներով խաբում են ծնողներին։
«Դեպքի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանն իր «մուտիլովկով» կոծկեց ողջ կատարվածը՝ մեղքը բարդելով սպայի վրա։ Հենց այդ օրվանից մենք նույնպես ընկանք կրակը։ Այսինքն` սպայի վարկածը, թե ինքն է հրդեհի բռնկման մեղավորը, բավարար չէ։ Ո՞նց կարող էին մեր 18-19 տարեկան տղերքը չկարողանային դուրս գալ կացարանից, իսկ ինքը կարողացավ։ Պարզ ոչինչ չկա, քանի դեռ էս գործի հետ կապված, այսպես ասած, «մուտիլովշիկները» շատ են»,- նշեց որդի կորցրած հայրը։
Ըստ մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի՝ հրդեհը բռնկվել է վառարանի կրակը բենզինով թեժացնելու հետևանքով, ինչն էլ դարձել է 15 զինվորի մահվան պատճառ։ Գաբրիել Կիրակոսյանն ասաց, որ չեն լռելու և շարունակելու են պայքարել ողջ ճշմարտությունը բացահայտելու համար։
«Քանի գնում՝ այս դեպքով քրեական գործն ավելի է բարդանում։ Մենք հայտնվել ենք ստի ու կեղծիքի մեջ, որի կծիկը բացել չենք կարողանում և մենք էլ ենք հաճախ հայտնվում փակուղում, քանի որ վկաներից շատերը մեզ այլ բան են ասում, դատարանում՝ այլ ցուցմունք տալիս»,- հավելեց նա։
Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Բաց մի թողեք
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը. Տխուր լուսանկարներ
Փարաքարը՝ քաղաքական եւ քրեական հորձանուտում
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները