28/02/2025

Լավրովը կոշտ «նշաձողի» մասին․ նպատակ ունեն՝ ինչ գրավել են Ուկրաինայից, պահել իրենց

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Դոհա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայում «շփման գծի» տրամաբանությամբ կանգնելը, քանի որ Ռուսաստանն ունի Սահմանադրություն:

Լավրովը գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ Ռուսաստանի նպատակը առնվազն այն չորս շրջանները վերցնելն է, որոնք ուկրաինական պատերազմի ընթացքում Մոսկվան հռչակեց ՌԴ մաս և փաստորեն «վերցրեց» Ռուսաստանի Սահմանադրության իրավասության ներքո:

Սա բավականին կոշտ հայտարարություն է, որ հնչեցնում է Լավրովը, այն էլ ամերիկա-ռուսական բանակցության նոր փուլին ընդառաջ, որը ազդարարվել է փետրվարի 27-ին Ստամբուլում: Իհարկե, նշվել է, որ պատվիրակությունները կքննարկեն երկու երկրների՝ ԱՄՆ ու ՌԴ դեսպանատների աշխատանքը լիարժեք վերականգնելու հետ կապված հարցեր, բայց այդուհանդերձ, Լավրովը բարձրաձայնում է մի նշաձող, որը կամ սպառնում է ամերիկա-ռուսական գործընթացի փակուղով, կամ հարց առաջացնում, թե ինչպե՞ս կարող է իրականանալ:

Ուկրաինան որևէ կերպ չի կարող համաձայնել, որպեսզի առանց այդ էլ օկուպացված տարածքներին «միանան» նաև Խերսոնի, Զապորոժիեյի, Դոնեցկի և Լուգանսկի այն շրջանները, որոնք գտնվում են ուկրաինական վերահսկողության տակ:

Հետևաբար, կամ Ռուսաստանն ի վերջո պետք է հրաժարվի իր առավելապաշտությունից, կամ պետք է մինչև պատերազմի կանգնեցումը կարողանա գրավել այդ շրջանները: Ամբողջ հարցն այն է, որ Սահմանադրությանը հղումը, որ անում է Լավրովը, Մոսկվայի համար, կարծես թե, քաշում է շատ հստակ կարմիր գիծ:

Հնարավոր չէ Սահմանադրությունը դարձնել բանակցային մանևրի առարկա: Ի՞նչ է ստանում ամերիկյան կողմը, եթե Ռուսաստանը այդպես կոշտացնում է իր դիրքորոշումը, մտավախություն չունենալով, որ դա կարող է տապալել սկսված երկխոսությունը, Թրամփը կարող է նահանջել:

Թե՞ Կրեմլը հաշվարկում է, որ Թրամփը չունի նահանջի ճանապարհ, որովհետև պատերազմը կանգնեցնելու խոստումը, հավաստիացումը կաշկանդում է Թրամփին, իսկ մյուս կողմից էլ գործականում չկա ինտենսիվ պատերազմը շարունակելու իրական ռեսուրսային հնարավորություն: Բայց, բոլոր դեպքերում, Ռուսաստանի պահանջը չունի քաղաքական լուծման տարբերակ:

Տարբերակը կարող է լինել մեկը՝ ռազմական ճանապարհը: Ռուսաստանն Ուկրաինայում գրոհում է և գնում առաջ, բայց այդուհանդերձ այդ տեմպը այնպիսին է, որ Լավրովի հիշատակած շրջանները ամբողջությամբ օկուպացնելու համար Ռուսաստանից կպահանջվի ամիսներ, եթե ոչ տարի: Այն էլ, եթե Ուկրաինան չստանա ուժեղ ռազմական օգնություն:

Իսկ հնարավո՞ր է, որ ԱՄՆ հենց այդ գործարքի շրջանակում է կայացրել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու գործընթացը կանգնեցնելու որոշում, ինչի մասին այսօր հայտարարել է Թրամփը: Իհարկե եվրոպական երկրները հավաստիացնում են, որ իրենք շարունակելու են օգնություն, բայց ամբողջ հարցն այն է, որ նրանց համախառն կարողությունն անգամ համեմատելի չէ այն հնարավորության հետ, որ ունի ԱՄՆ, հետևաբար դրա դադարեցումը էական խնդիր է Կիևի համար:

Ընդ որում, հատկանշական է, որ Լավրովը կոշտ «նշաձողի» մասին հայտարարում է անցնելով Անկարա-Թեհրան-Կատար երթուղով: