23/03/2025

Ի՞նչ կհետևի Թրամփ – Զելենսկի «ապահարզանին», խնդիրը տեղափոխվում է ԱՄՆ – Եվրոպա հարաբերությունների տիրույթ

Բեմադրվա՞ծ էր Սպիտակ տան Օվալաձև սրահի «մերկապարը», թե՞, ինչպես ռուսներն են ասում՝ «ուզում էին ավելի լավը, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»,- գնահատականները տրամագծորեն ներհակ են, բայց դրանից էականորեն քիչ բան է փոխվում:

Արդյունքում այն է, ինչ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է բացահայտել, «Եվրոպան ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ տարի շարունակելու նպատակ ունի»:

Նա վկայակոչել է եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարի հետ իր «պրիվատ խոսակցությունը», որի ընթացքում վերջինս ասել է, որ մեկ տարի հետո Ռուսաստանը թույլ կլինի և «ինքը խաղաղություն կխնդրի»:

Արևմտյան մամուլը դիտարկել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության բաց տեղեկությունները և պարզել, որ Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից ի վեր ռուսաստանյան ոսկու պահուստները շուրջ երեք հարյուր տոննայով նվազել են: Փորձագետները եզրակացնում են, որ Ռուսաստանն այդքան ձուլածո ոսկի է վաճառել, որպեսզի հոգա պատերազմի կարիքները:

Ռուսաստանյան քարոզչությունը, մինչդեռ, պնդում է, որ տնտեսությունն ավելի առաջանցիկ է զարգանում, քան՝ G7-ի երկրներինը, և պատերազմի ֆինանսավորման հարցում ոչ մի խնդիր չկա:

Ուկրաինայի նախագահ Զելենսկու դեմ Սպիտակ տան «տիրոջ» գլխավոր փաստարկն այն է, որ նա «ոչ մի ուժեղ խաղաքարտ չունի», առանց արտաքին, առաջին հերթին՝ ամերիկյան, աջակցության չի կարող շարունակել պատերազմը, ուստի պետք է ընդունի իրողությունները:

«Մեզ համար, այո, ծանր է, բայց ես չեմ կարող չհարգել զինվորին և հրամայել, որ նա կանգնի»,- Թրամփի հետ բանակցություններից հետո ամերիկյան մի հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Զելենսկին: Նա, ընդսմին, դժգոհել է, որ Սպիտակ տունը բանակցությունները կազմակերպել է մամուլի ներկայությամբ:

Մոսկվան ակնհայտորեն «նախապատրաստել է» Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ԱԴԾ կոլեգիայի նիստում նախագահ Պուտինը հատուկ ծառայություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի օտարերկրյա հետախուզական ծառայությունները «չտապալեն կամ չխոչընդոտեն ռուս-ամերիկյան բանակցությունները»:

Միաժամանակ Մոսկվան ավելի է կոշտացրել դիրքորոշումը և վերջնագրային պնդում արել, որ Ուկրաինային «ոչ մի տարածքային զիջում չի արվի»: Մոսկվան նաև մերժել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության մասնակցությունը, հետևաբար նաև Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայումը:

Այս կոնտեքստում ի՞նչ նշանակություն կունենար հազվագյուտ մետաղների վերաբերյալ ուկրաինա-ամերիկյան «գործարքը», որ Զելենսկին և Թրամփը պետք է ստորագրեին: Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ Կիևն այդ «գործարքը» դիտարկում է որպես հետկոնֆլիկտային անվտանգության երաշխիքների մի բաղկացուցիչ:

Ստացվում է, որ Միացյալ Նահանգների նախագահն ամենազոր չէ ոչ միայն Վլադիմիր Պուտինի, այլև Վլադիմիր Զելենսկու հետ հարաբերություններում. Մոսկվան մերժում է ներկայիս շփման գծով հրադադար հաստատելու, մյուս հարցերն ապագային թողնելու գաղափարը, Կիևը չի ընդունում, որ գլխավորը կրակի դադարեցումն է, տարածքների կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցերը կքննարկվեն հետո:

Թրամփ-Զելենսկի «ցլամարտը», դրա շուրջ արձագանքները մեզ համար, թերևս, կարևոր են այսպես ասած «ուսուցողական նշանակությամբ», եթե, իհարկե, Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները չշարունակեն ամեն ինչ գնահատել իրենց «տան կտուրից» հայացքով:

Պետք է վերանայել քառասունչորսօրյա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանության, հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ «տեսությունները» և տեղեկատվա-քարոզչական մատրիցաները:

Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ քաղաքական դասը, փորձագիտական հանրությունը ձերբազատվի «ճիշտ ընտրության» կանխավարկածի գայթակղությունից: Ավելի ցայտուն օրինակ, որ նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահն ամենազոր չէ, դժվար թե հնարավոր էր պատկերացնել:

Իսկ եթե այդպես է, ուրեմն ամենազոր չէ նաև Ռուսաստանի նախագահը, անգամ եթե նա Վլադիմիր Պուտինն է: Բարդ է ասել, թե ի՞նչ կհետևի Թրամփ – Զելենսկի «ապահարզանին»: Խնդիրը տեղափոխվում է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների տիրույթ: Թուրքիան ձգտում է շահել Եվրամիության վստահությունը: Հայ-ադրբեջանական բանակցություններն, ըստ տրամաբանության, ձգձգվելու են: Ալիևը «կվերադառնա՞» Կրեմլ:

Translate »