Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր անդրադարձել է Իլհամ Ալիևի Անկարա այցին և Իգդիր-Նախիջևան գազամուղի բացմանը՝ նշելով, որ Ալիևի հետ քննարկել են նաև շատ այլ կարևոր հարցեր և, հատկապես, Հայաստանի հետ խաղաղության գործընթացը:
Էրդողանը չի մանրամասնում, թե Ալիևի հետ հատկապես ի՞նչ են քննարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առնչությամբ, քննարկել են Հայաստանի հանդեպ ճնշումն ավելացնե՞լը, թե՞ հակառակը՝ Հայաստանի հետ փոխզիջման գնալու հնարավորությունը:
Իհարկե, երկրորդ տարբերակը պատկերացնելը շատ դժվար է՝ հաշվի առնելով այն, որ Ալիևի Անկարա այցից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ Բաքվից հնչած առայժմ միակ հայտարարությունը, ըստ էության, եղել է հակառակ տրամաբանությամբ: Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը գրառում էր արել Իքսի միկրոբլոգում, նշելով, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի արցախյան պատերազմի «հանցագործներին», որոնք գտնվում են Հայաստանում:
Ադրբեջանն այդ ձևակերպման ներքո նկատի ունի Հայաստանի նախկին նախագահներին, պաշտպանության նախարարների, բարձրաստիճան գեներալների: Բաքուն նոր չէ, որ խոսել է այդ մասին: Այստեղ էականն այն է, որ Ալիևի Անկարա այցից հետո հենց դա է եղել Ադրբեջանից հնչած հայտարարությունը, ինչը նշանակում է, որ փոխզիջման հակվածության մասին խոսելը, թերևս, կլինի ավելորդ:
Ընդ որում՝ այստեղ հարցը միայն Ադրբեջանը չէ: Այս օրերին Սիրիայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք այլ բան չէին, քան թուրքական աջակցություն վայելող խմբավորումների ուժերով Լաթակիայում ու Տարտուսում ալավիական բնակչության և քրիստոնյաների սպանդ: Սիրիայում այդ սպանդը իրականացնող Թուրքիան չի կարող կառուցողական և փոխզիջումային տրամադրվածություն ունենալ Կովկասում:
Ավելին, Սիրիայում թուրքական ագրեսիվության դրսևորումը, թերևս, այն մասին է, որ հենց այնտեղ ուժային գործոնն Անկարան փորձելու է օգտագործել այլ ուղղություններով իր շահերն առաջ մղելու համար, ինչը կարող է վերաբերել նաև Կովկասին:
Այդպիսով, Անկարա-Բաքու բարձր մակարդակի վերջին շփումը, ըստ էության, կարող է միայն մի դրական բան պարունակել Կովկասի համար, եթե Ալիևի հետ քննարկումներում Էրդողանը չի դիտարկել Կովկասում էլ որևէ ռազմական սադրանքի միջոցով հարցեր լուծելու տարբերակ, այլ պարզապես ունեցել են դիրքորոշումները չթուլացնելու և առավելապաշտությունից չհրաժարվելու պայմանավորվածություն:
Ի դեպ, այդ մասին էր վկայում և այն, որ Ալիևը հենց Անկարայում հայտարարում էր Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություն, նշելով, թե խորհրդային իշխանությունն է «ադրբեջանական հողերը» իբրև թե հանձնել Հայաստանին:
Ալիևը չէր անի որևէ այդպիսի հայտարարություն, եթե այն նախապես համաձայնեցված չլիներ թուրքական կողմի հետ: Ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քննարկումները, թերևս, ներառել են ոչ միայն Հայաստանը, այլ «նշաձողը» ամբողջ Կովկասում, ինչի վկայությունը վերջին շրջանում Վրաստանի ուղղությամբ նրանց աշխատանքի ինտենսիվացումն է:
Բաց մի թողեք
Մոսկվան «մտահոգված է». հրադադարի առաջարկը նման է «ծուղակի». ռուսական աղբյուրներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան․ Բայրամով
Կեղծիքի ու կոռուպցիայի տաճարում 20 տարի «քրմություն» արած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը …