29/04/2025

ՀՀ ընդդիմության և Ստեփանակերտի «ինքնաբուխ պահանջատիրության» նույնականացո՞ւմն է

Արցախից բռնատեղահանվածները հանրահավաք են կազմակերպել և կազմել «պահանջագիր», որ հրապարակված է և աչքի է զարնում, որ սոցիալական երկու խնդրից բացի (բնակարանային ապահովության ծրագրի վերանայում, «40+10 հազար դրամի» վճարման շարունակում) մյուս կետերը հիմնականում քաղաքական են:

Հանրահավաքը, մասնավորապես, ՀՀ կառավարությունից պահանջում է ոչ միայն պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլև այդ ձևաչափով բանակցություններ սկսել՝ հասնելու ԼՂ այնպիսի կարգավորման, որ կապահովի հայրենիք հավաքական վերադարձ, անվտանգության և ինքնորոշման միջազգային երաշխիքներ:

Հազարավոր հայրենազրկված մարդկանց համար, ինչ խոսք, դա ոչ միայն ականջահաճո, այլև միանգամայն արդարացի և իրացնելի պահանջ է, որ, սակայն, հանրահավաքի մասնակիցների խոսքում ձևակերպվում է այսպես.«Ով ինձ իմ տնից, հարազատների գերեզմաններից զրկել է, նա էլ թող վերադարձնի Արցախ»:

Այս առումով չափազանց արտառոց է կառավարության վարքը: Նիկոլ Փաշինյանի մոտ չէին հաշվարկե՞լ, որ բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրի կրճատումը դժգոհության և բողոքի ալիք է բարձրացնելու: Եթե ոչ, ուրեմն պատկան մարմինները և առաջին հերթին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես իրավիճակին չի տիրապետում: Որովհետև քսան կամ քսանհինգ հազար աշխատանք ունեցող արցախցին միջին հաշվով վաստակում է ճիշտ այնքան, որքան բնակվարձ է վճարում:

Մյուս կողմից էլ, եթե հանրահավաքի կազմակերպիչները Մինսկի խմբի պահպանման հարցում լիովին անկեղծ են, ապա պահանջի հասցեատեր պիտի ընտրեին ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Երևանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին, ԵԱՀԿ ներկայացուցչությանը:

Ընդ որում՝ դա պետք է արվեր իրավական հիմնավորմամբ. Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ է ԼՂ-ն, այդ մանդատը ոչ ոք չեղարկել չի կարող, քանի դեռ ԵԱՀԿ Նախարարների կոմիտեն այլ որոշում չի ընդունել:

Ստացվում է «կախարդական շրջան»,կառավարությունը, կարծես, ամեն ինչ անում է, որպեսզի Արցախից բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու տրամադրի իր դեմ, իսկ քաղաքական Ստեփանակերտը՝ հակադարձում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ հասցեին կոշտ, վերջնագրային հռետորաբանությամբ:

Կարելի է ասել՝ իրավիճակը հասել է սահմանայինի. եթե հանրահավաքի կազմակերպիչները կառավարության պատասխանին չեն սպասել և Ազատության հրապարակում «վրանային շտաբ» են ստեղծել, ուրեմն տրամադրված են տևական «պայքարի»:

Սոցիալական մեդիան այս առումով թողնում է «Ավարայրի» կամ «Սարդարապատի» տպավորություն, եթե, ասենք, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը մի փոքր «դիվանագիտորեն» է ձևակերպում, ապա նրա գրառումը մեկնաբանող «փափկասուն տիկինն» արցախցիներին պարզապես անվանում է «անաղուհաց քրդի շուն»:

Եվս մեկ-երկու «ինքնաբուխ» հանրահավաք, և Ազատության հրապարակի հակառակ կողմում կարող են հավաքվել Փաշինյանի «ֆաները», իսկ թե ինչ կհետևի դրան՝ պատկերացնելն իսկ սարսափելի է:

Իշխանության խաղադրույքն ինստիտուցիոնալ ընդդիմության և Ստեփանակերտի «ինքնաբուխ պահանջատիրության» նույնականացո՞ւմն է: Իսկ հանրահավաքի ընդգծված հակափաշինյանականությունը ներքին խմորումներից ածանցյա՞լ է, թե՞ ծրագրված է որպես բոլորովին նոր զարգացումների «դետոնատոր»:

Իրավիճակը չափազանց տագնապահարույց է: Քաղաքական մրցապայքարը չպետք է «կարմիր գծեր» հատի: Ուստի և իշխանությունը, և քաղաքական Ստեփանակերտը պարտավոր են հետևել «մի վնասիր» սկզբունքին: Իսկ Հայաստանի քաղաքացին, Արցախից բռնատեղահանվածը կողմերին պետք է մի հստակ պահանջ դնի: «Եվ մի տանեք զմեզ ի փորձություն»: