19/04/2025

Սյունիքում կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում

Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը Սյունիքում լուսացրել են ադրբեջանական կրակոցների տակ. «Կրակելու ժամերը չեն փոխվում, փոխարենը ինտենսիվությունն ավելանում է»։ «Գիշերը չենք քնում, այնքան բարձր են կրակի ձայները, որ մարդ չի կարա ուղղակի պառկի, հանգիստ քնի»,- ասում են խնածախցիները։

Մեր դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ կրակոցները թիրախային չեն և խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, մեր զրուցակիցն ասաց՝ «բան չունեմ ասելու». «Ճանապարհը բաց է, թող գան, ընդամենը մի գիշեր մեզ հետ անցկացնեն։ Մեր գյուղապետն էր ասում՝ անհանգստանալու բան չկա, օդ են կրակում, բայց որ իր տան վրա կրակեցին, ու լուսամուտը ջարդվեց, բա խի՞ հիմա ձենը չի լսվում»։

Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վահան Զաքյանն էլ ասաց, որ անցած գիշեր ևս Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ «Կրակել են, ամեն օր էլ կրակում են։ Երեկոյան ժամերին են հիմնականում կրակում` կիրառելով հրաձգային զինատեսակ։ Բարեբախտաբար տուժածներ չունենք»։

Զաքյանից հետաքրքրվեցինք նաև գյուղի առօրյայի, մարդկանց տրամադրությունների մասին։ Նա վստահեցրեց, որ ադրբեջանական կրակոցներից միայն մեկ բնակչի տան տանիք է վնասվել Խոզնավարում, իսկ ընդհանուր առմամբ գյուղացիների շրջանում խուճապ չկա։

Խնածախում, ի տարբերություն Խոզնավարի, վնասներն ավելի շատ են։ Բնակելի 3 տան տանիքներին գնդակների հետքեր են հայտնվել, մի բնակիչ ներկայացրել է, որ գնդակն իր տան պատի մեջ է խրվել, իսկ օրեր առաջ՝ թիրախի տակ է հայտնվել գյուղի Մշակույթի տունը։

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ ոչ մի հաղորդագրություն չի տարածել․ «Մեր պաշտպանության նախարարությունը միայն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունները, փաստերը չի արձանագրում, որովհետև էդպես, կարծում եմ, Իլհամ Ալիևն է ուզում»։

Translate »