22/05/2025

Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին՝ պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը: 2025 թվականի փետրվարին նա հոսպիտալացվել էր առողջական բարդ խնդիրների հետևանքով:

Մի քանի շաբաթ անց, կարծես թե, նրա ծայրահեղ ծանր վիճակում նշմարվեց դրական փոփոխություն, սակայն Ֆրանցիսկոս պապի անառողջությունը բեկել փաստորեն չստացվեց, և նախօրեին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հավատացյալներին կարճատև ուղերձը փաստորեն վերջինն էր Ֆրանցիսկոս պապի կյանքում:

Ընդ որում՝ այդ ուղերձում, շեշտելով աշխարհում թեժ կետերն ու կոնֆլիկտները, պապը հիշատակել էր նաև Կովկասը և ասել, որ աղոթում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և ռեգիոնում խաղաղության հաստատման համար:

Այսօր հայտնի դարձավ, որ նա մահացել է: Անշուշտ, այս իրողությունը, բացի միլիարդավոր կաթոլիկների և ընդհանրապես նաև շատ քրիստոնյա հավատացյալների համար բարոյական, հոգևոր ծանր իրողություն է:

Բայց դրանից զատ, սա նաև մեծ քաղաքական նշանակություն ունեցող հանգամանք է միջազգային քաղաքականության համար, որում Վատիկանն ունեցել է մեծ դեր, ու չնայած վերջին տարիներին այդ դերի որոշակի նվազման միտումները, այդուհանդերձ, այն շարունակել է լինել առանցքային կարևորության: Հետևաբար, պապի մահն էական նշանակություն ունեցող հանգամանք է լինելու միջազգային քաղաքականության համար:

Ո՞վ է լինելու Հռոմի նոր պապն ու նոր պապի գահակալության ընթացքում ինչպիսի՞ն է լինելու Վատիկանի դերն ու վերաբերմունքը համաշխարհային ներկայիս իրողություններում: Սա առավել ևս էական հարց է այն համատեքստում, որ ներկայումս քաղաքականության մեջ դավանա-քաղաքական բաղադրիչին առավել ընդգծված ու մեծ նշանակություն է տալիս համաշխարհային քաղաքականության մյուս խոշորագույն բևեռը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը:

Ի դեպ, այս իմաստով շատ սիմվոլիկ է, որ Ֆրանցիսկոս պապի վերջին միջազգային հյուրը փաստորեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր, որը նախօրեին կարճատև զրույց էր ունեցել Հռոմի պապի հետ:

Արդյո՞ք Սուրբ Աթոռի նոր գահակալի, բազմամիլիարդ կաթոլիկ համայնքի նոր առաջնորդի թեկնածության համար կծավալվի ազդեցությունների պայքար, այդ թվում, օրինակ, հենց արևմտյան աշխարհում ներկայումս մրցակցող երկու այսպես ասած գաղափարախոսական և արժեհամակարգային ուղղությունների՝ ուլտրալիբերալ-գլոբալիստական և աջ-պահպանողական թևերի միջև:

Վատիկանի նոր առաջնորդի հարցը, անշուշտ, շատ կարևոր է թերևս նաև Հայաստանի համար, և ոչ միայն Սուրբ Աթոռի համաշխարհային ազդեցության ու նշանակալիության բերումով ընդհանրապես, այլ նաև պայմանավորված հանգամանքով, որ Ադրբեջանը վերջին տարիներին բավականին ակտիվացրել է Վատիկանի ուղղությամբ իր աշխատանքը:

Բոլորովին օրեր առաջ Սուրբ Աթոռում տեղի ունեցավ Ադրբեջանի նախաձեռնած այսպես ասած «գիտական միջոցառում», որում նենգափոխված մատուցվում էր Ադրբեջանում «քրիստոնեության պատմությունը», ինչի նպատակը ոչ այլ ինչն էր, քան Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության հանդեպ «գիտական» վանդալիզմը:

Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին՝ պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին, անկախ, թե ո՞վ է ընտրվելու այդ կարգավիճակում:

Իսկ ձեռքը զարկերակին պահելու հնարավորություններ Հայաստանը, իհարկե, ունի, այդ թվում պետական շրջանակից դուրս գտնվող հնարավորություններ: Իսկ Ֆրանցիսկոս Առաջին պապի հոգին թող հանգչի խաղաղությամբ: