«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:
– Հանրային հեռուստաընկերության բանավեճը որակել էիք «բղավեճ»: Նախընտրական բանավեճերի շարքն ավարտվում է, հեռուստադիտողը քննադատում է բանավեճի ֆորմատը: Ասում են` դա հերթական պրոիշխանական պրոյեկտն է՝ միտված իշխանության պրոպագանդային: Մասնակիցներին տրամադրում են ընդամենը 30 վայրկյան` հարց տալու համար, եւ քանի որ հարցերը, որպես կանոն, ուղղված են իշխանության ներկայացուցիչներին, նրանք անսահմանափակ խոսելու հնարավորություն են ստանում եւ քարոզչության իրականացնում, իսկ ընդդիմադիրները չեն հասցնում փաստարկված հակադարձել: Արդյունքում բանավեճը վերածվել է «բազարի», եւ շատերը չեն էլ դիտում դրանք:
– Նույնիսկ եթե հաղորդման մոդերացիայի հարցը դնենք մի կողմ, հաղորդումն ինքնին բանավեճ չի կարելի անվանել: Հանրային հեռուստաընկերությունը մշտապես եղել է օրվա իշխանության ամբիոնը, սակայն ոչ միայն մնացել է նույն կարգավիճակում, այլեւ դեռ մի բան էլ դարձել է շատ նեղ կուսակցական ամբիոն: Դա անկասկած է: Փորձ են արել բանավեճը կազմակերպել անկողմնակալության տրամաբանության մեջ, սակայն եթե անգամ այս բոլոր հարցերը մի կողմ թողնենք, ապա հաղորդման ձեւաչափը չի կարելի անվանել բանավեճ: Չեն կարող 18-19 քաղաքական ուժ բանավիճել: Բանավեճը կարող է լինել հասկանալի ու առարկայական, եթե մասնակցում է առնվազն 2-3 անձ: Դրանից շատը նշանակում է, որ այդ բանավեճը ձախողված է եւ վերածվելու է աղմուկի: Եվ հենց այստեղ է, որ գալիս է ամենակարեւոր պահը. այդ աղմուկն օգտակար է միմիայն իշխանության համար: Ի վերջո, հենց այդ նույն իշխանությունն է, որ իր դեմ հնչող քննադատությանն ու ընդդիմախոսությանը նման հիվանդագին ձեւով է վերաբերվում ու առհասարակ չի կարողանում հակափաստարկներ բերել: Իշխանությունն ունի դեկլարատիվ մի քանի թեզ, որն անդադար ներկայացնում է: Դրանից այն կողմ ոչինչ անել չի կարողանում: Հաղորդման նման ֆորմատը, բնականաբար, բերելու է աղմուկի: Չեն կարող 18 հոգի խոսել եւ մնալ բովանդակային քննարկումների շրջանակներում:
– Հաղորդավարները «ծակ պրոֆեսորի» կեցվածքով հյուրերի վրա բղավում են` «լռեք, լռեք», «անջատեք խոսափողը»: Հնարավոր չէ՞ պրոցեսը փոքր-ինչ գրագետ ձեւով կազմակերպել:
– Անգամ եթե պատկերացնենք ամենաիդեալական մոդերացիայի տարբերակը, միեւնույն է, այդքան ուժ չի կարող արդյունավետ խոսք ասել, հետեւաբար, դա չի կարող համարվել բանավեճ: Նման քննարկումներն անխուսափելիորեն վերածվում են արեւելյան բազարի: Ինքնին խնդիրը հենց ձեւաչափն է: Իհարկե, ես հասկանում եմ, որ Հանրայինն ունի օրենսդրական պատասխանատվություն այս առումով, սակայն դա լրիվ ձեւական է, լղոզված ձեւով օրենքի պահանջ են կատարում, սակայն ոչ մի լավ բան չի տալիս այն հանրությանը: Հանրային օգուտը զրոյական է, այս առումով:
– Բայց բանավեճեր էլ են հարկավոր, ինչպե՞ս պետք է դրանք կազմակերպել:
– Բանավեճ ասելով ես պատկերացնում եմ երկու-երեք ուժի միջեւ քննարկում: Այդ մշակույթը տարածված է ամերիկյան քաղաքականության մեջ, որը ենթադրում է նախագահական համակարգ, բայց անգամ կոնգրեսական համակարգում բանավիճում է երկու ուժ` դեմոկրատական եւ հանրապետական, եւ նրանց պարագայում անգամ աղմուկը կարող է օգտակարություն պարունակել, քանի որ երկու անձի աղմուկը չի կարող հանրությանն այնպիսի մեծ շփոթության մեջ գցել, որ մարդիկ չզանազանեն խոսքերը, ծրագրերը եւ այլն: Եթե անգամ 18-19 ուժերը չաղմկեն էլ, ապա հնարավոր չէ այդ բազմության մեջ ստանալ առարկայական քննարկում:

Բաց մի թողեք
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել
ՔՊ-ական իշխանության ընկալումներում բանակն աքսորավայր է կամ խափանման միջոց