05/06/2026

EU – Armenia

ՔՊ-ական իշխանության ընկալումներում բանակն աքսորավայր է կամ խափանման միջոց

Առավոտից համացանցում տարածվում են տեսանյութեր, որ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին պատկան մարմինների կողմից հանձնվում են զինվորական վարժանքների ծանուցագրեր, ինչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չհերքեց նաև ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա խայտառակություն է ու բարոյազուրկ քայլ, որի միակ նպատակը ընտրություններն են, այլ անդրադառնանք բանակի նկատմամբ այն ընկալմանը, որն ունեն այս իշխանությունները։

Նախ՝ նման գործողությունների մենք ականատես էինք լինում ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ Լարսի անցակետում Ռուսաստանը լքող ՌԴ քաղաքացիներին հանձնվում էին զորակոչի ծանուցագրեր։ Սակայն դա միանգամայն այլ իրավիճակ էր, այնտեղ մարդիկ փորձում էին լքել պետությունը, որը գտնվում էր պատերազմի մեջ, իսկ Հայաստանում հակառակը, մարդիկ վերադառնում են հայրենիք, երկար, թե՝ կարճ ժամանակով, կարևոր չէ։ Կարևոր չէ նույնիսկ, թե ինչի համար են վերադառնում Հայաստան։ Նույնիսկ եթե գալիս են ընտրություններին մասնակցելու համար, դա նույնպես հակաօրինական չէ, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կատարելու իր քաղաքացիական պարտքը ու երբ իշխանությունը հենց օդանավակայանում նրանց հանձնում է ծանուցագիր, դրանով ցույց է տալիս, որ իր համար որևէ կարևորություն չունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պոտենցիալ վտանգ կարող են ներկայացնել վերարտադրության հարցում։

Երկրորդը՝ այս իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բանակն իրենց համար ընդամենը աքսորավայր է, որն ունի պատժիչ բնույթ։ Դեռևս ոչ վաղ անցյալում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առաջարկում էր ընդդիմադիրներին ուղարկել առաջնագիծ, իսկ երեկ էլ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ընտրությունների նախաշեմին Հայաստան եկող ՀՀ քաղաքացիներին մի երկու ամսով կուղարկեն վարժանքների, այնուհետ հետ կուղարկեն Կալուգա։ Իհարկե ցավալի է տեսնել, որ ՀՀ նախարարը, Կառավարության անդամն այնքան տգետ է, որ տեղյակ չէ իրենց իսկ իշխանության որոշումներից, համաձայն որոնց, ուսումնական վարժանքները Հայաստանում արդեն տևական ժամանակ է, ինչ 2 ամսից կրճատվել են 25 օրվա։ Կրկնակի ցավալի է տեսնելը այս իշխանությունների ընկալումները բանակի վերաբերյալ։ Այսինքն ՀՀ բանակը մի այնպիսի վայր է, որտեղ ոչ թե պետք է ծառայել հպարտությամբ, հայրենիքը պաշտպանելու գիտակցությամբ, այլ ընդամենն ուղարկվեն իշխանություններին դեմ գնալու պատճառով։

Այդքանից հետո ինչ զենքեր էլ ցուցադրեն Հանրապետության հրապարակում, ֆրանսիական, հնդկական ու իրանական զենքերին ինչպիսի հայկական անուններ էլ տան, միևնույնն է, իրենց մնացյալ հայտարարություններն ու առավել ևս գործողությունները ցույց են տալիս, որ իրենք ու բանակ հասկացությունները գտնվում են խիստ հակադիր բևեռներում։

Թեպետ նման վերաբերմունքը բնական է այնպիսի իշխանության կողմից, որի ներկայացուցիչների մեծ մասը չի ծառայել բանակում, իսկ ՊՆ ղեկավարի զինվորական ծառայության ամենահիշարժան դրվագը՝ սպային դանակահարելն է։