Տիգրան Մանսուրյանի հանդեպ վերաբերմունքի հարցում մեծամասնությունը գտնում է, որ նա «ենթարկվել է լրագրողական ագրեսիայի», ուրիշները պնդում են, որ մտավորականը պետք է քաղաքացիական գործուն դերակատարություն ունենա և լինի իշխանության առաջին քննադատը:
Նրանք համաձայն չեն, որ 86-ամյա Մանսուրյանը միայն անձնական և ստեղծագործական կյանքով ապրելու իրավունք ունի և պահանջում են, որ նա Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ականներին ցեղասպանությունն ուրանալու համար անարգանքի սյունին գամի:
Նույն օրերին բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը հետևյալ միտքն է արտահայտել. «Երբ մենք խոսում ենք հայ ժողովրդի խաչվելու՝ Ցեղասպանության, մասին, երբ տանում ենք այդ նույնացումները, ապա պիտի հասկանանք մեզ հետ տեղի ունեցած ողբերգության պատճառները: Սա նշանակում է նորից հասկանալ, ոչ թե ուրանալ կամ մերժել: Հարկավոր է հասկանալ, որ խաչվելն անիմաստ է, եթե դրան չի հաջորդում Հարությունը»:
Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը մասնագիտությամբ բանասեր է, գիտությունների թեկնածու, համարում է, որ քաղաքական լինի, թե հրապարակախոսական կամ գեղարվեստական, եթե խոսույթը պահանջատիրական չէ, ուրեմն «քպ-ական է»: Նա քաղաքական գործիչներին և մտավորականներին մեղադրում է, որ «մրցակցում են, թե ում խոսքն ավելի թրքազգայուն (պետք է, երևի, հասկանալ «թրքահաճո» իմաստով) կլինի»:
Գրողի հանրային դերի մասին ավելի դիպուկ, քան Վահան Տերյանն է «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում ձևակերպել, դժվար թե ասվի, նա համարում է, որ Աբովյանը, Րաֆֆին նույնպես հերոսներն են, ինչպես մարտի դաշտում նահատակվածները, բայց այդ թեմայով դասախոսության արձագանքների առթիվ ընկերոջը գրած նամակում խոստովանում է, որ «դաշնակ-հորիզոնիստները (Թիֆլիսում լույս տեսնող «Հորիզոն» թերթի հետևորդները) կատաղած էին»:
Որովհետև Տերյանը համարձակվել էր ասել, որ 19-րդ դարավերջի հայ գրականության պաշտելի հեղինակներն իր համար «հեռավոր անցյալ են», որ քաղաքակրթական այդ պաշարով հայ ազգային ինքնությունը չի կարող մրցունակ լինել մի իրականության մեջ, որտեղ պայքարի կռվան է ոչ թե «Էջմիածնի խարխուլ գմբեթը», այլ հզոր մեքենաները և «դինամիտի պայթյունը լեռների կրծքին»:
Եթե Տերյանի 111-ամյա մտահոգությունը (նա «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունը Թիֆլիսում կարդացել է 1914 թվականի ապրիլին) նույն գաղափարա-քաղաքական «մատրիցայով» վերագրենք մեր օրերին, ապա պիտի երիցս խոստավանենք, որ համաշխարհային չէ, անգամ տարածաշրջանային մրցակցության մեջ մեր զինանոցը ոչ միայն «նորագույն սպառազինություններով» չի հագեցել, այլև ունեցել է ահռելի նահանջ: Գոնե այն չափով, որ հայ իրականությունը «Վահան Տերյան» չունի:
Քառսունչորսօրյա պատերազմից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական լուծարումից, հայ բնակչության բռնատեղահանությունից հետո սոցիալական հարթակներում ամենամեջբերվող հեղինակները, երևի, Հրանտ Մաթևոսյանը և Վանո Սիրադեղյանն են: Բայց չէ՞ որ նրանք չէին մեջբերվում, երբ անհրաժեշտությունը ոչ թե ակադեմիականորեն ուսուցողական, այլ գործնական էր՝ 1998-ի «իշխանափոխությանը» հաջորդած էյֆորիան եթե ոչ զսպելու, ապա գոնե խելամտորեն կառավարելու պետական առաջնահերթության իմաստով:
Տիգրան Մանսուրյանը հայ ազգի պարծանք, համաժողովրդական կուռք կդառնա՞ր, եթե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից ասեր, որ ցեղասպանությունը վերապրածների որդի է, մինչև ուղնուծուծը, հոգու խորքն ատում է թուրքին, ամենայն թուրքականը և երդվում է ապրել այնքան, մինչև չտեսնի Թուրքիայի կործանումը:
Անցյալ դարասկզբի հայ գրողներից, մտավորականներից, հանրային գործիչներից, որքանով դիտարկվում է, Վահան Տերյանը միակն է, որ արդեն 1916 թվականին բարձրացնում էր քաղաքական Հայաստանի կազմակերպման խնդիրը՝ որպես Ռուսական կայսրությանն անմնացորդ նվիրումի, կրած զրկանքների միակ արժանի փոխհատուցում: Մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ ասում էր, որ Արևմտյան Հայաստանի հարցի միակ լուծումն այդ տարածքների ռուսական օկուպացիան է և եզրափակում. «Մեր Հայրենիքը Ռուսիան է»:
Ողբերգություն է, երբ մեկ դար հետո անկախ Հայաստանում կան քաղաքական ուժեր, խմբեր և խմբավորումներ, որ դեռ փայփայում են «միութենական պետության կազմում ազգային նպատակներ իրացնելու» հույսը:
Բաց մի թողեք
Հուլիսին տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը․ Լուսանկար
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է Մեղրաձորից. Լուսանկար
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում. Լուսանկար