«Հայաստանը հաստատական դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում, մենք վճռական ենք՝ իրականացնելու մեր բաժին քայլերը, կրելու մեր բաժին պատասխանատվությունը և առկա խնդիրները հարևանների հետ լուծելու կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով»,- Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այց է իրականացրել Էստոնիա:
Խաղաղության հանդեպ հաստատակամության և հետևողական նվիրվածության մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները, որքան ավելի հաճախ են հնչում, այդքան ավելի տպավորություն են թողնում այդ հայտարարությունների և ընդհանրապես այդ օրակարգի «արժեզրկվածության» մասին:
Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ եթե իրապես գոյություն ունենա հավասարակշռված, արժանապատիվ խաղաղության գործնական ընթացք, առարկայական գործընթաց, ապա կարիք չի լինի ամեն մի առիթ, ամբիոն օգտագործել խաղաղությանը Երևանի հավատարմությունը և հաստատուն, աներեր ընթացքը հավաստելու անհրաժեշտություն:
Ինչի՞ համար է պետք անընդհատ պնդել դա, եթե այդ բովանդակությունն իրականություն է կամ առնվազն շոշափելի աղերս ունի իրականության հետ: Ըստ այդմ՝ որքան Հայաստանի իշխանությունը պարբերաբար, բավականին բարձր հաճախականությամբ կրկնում է, ըստ էության, հետևյալ միտքը, որ ինչ էլ լինի, ինքը հավատարիմ է իր խաղաղության օրակարգին, այդքան, թերևս, հարկ է ցավալիորեն խոստովանել, որ այդ օրակարգը գրեթե նույն դինամիկայով գուցե ենթարկվում է քաղաքական ինֆլյացիայի:
Եվ այդ առումով, Հայաստանի առաջ թիվ մեկ խնդիրը, թերևս, հենց այդ ինֆլյացիան կասեցնելն է, որովհետև դրա աստիճանը, թերևս, ուղիղ համեմատական է Ադրբեջանի շանտաժի աստիճանին՝ որքան աճում է խաղաղության օրակարգի քաղաքական ինֆլյացիան, այդքան աճում է Ադրբեջանի շանտաժի աստիճանը քաղաքական մթնոլորտում:
Ավելին՝ տպավորություն է, որ Երևանը փորձում է գտնել այդ մթնոլորտը փոխելու ուղիներ, և այդ շարքում է գուցե նաև Փաշինյանի այցը Էստոնիա, որպես Եվրամիության հետ հաղորդակցության միջոց, հաշվի առնելով թե՛ Էստոնիայի ԵՄ անդամ լինելը, թե՛ նաև այն գուցե այսպես ասած ոչ պաշտոնական նրբերանգը, որ Էստոնիայի կառավարող քաղաքական շրջանակն էր ներկայացնում ներկայումս ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Կայա Կալասը, որը 2024-ին այդ պաշտոնում ընտրվեց Էստոնիայի վարչապետի պաշտոնից:
Ի դեպ, Կալասը ապրիլի 25-ին բանակցում էր Բաքվում, Ադրբեջանը հռչակելով ԵՄ կարևոր գործընկեր, իսկ ապրիլի 26-ին Վատիկանում շփվել է Ֆրանցիսկոս Պապի թաղմանը մասնակցած Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ, ըստ իր գրառման՝ նրա հետ քննարկելով իր հայաստանյան այցի հետ կապված հարցեր:
Բաց մի թողեք
Հայաստանն ու Վրաստանը շոշափում են նո՞ւյն, թե՝ տարբեր բաներ
Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունն ու Հայաստանը
Ի՞նչ նպատակ է հետապնդում «կարող էինք ավելի լավ պայմաններով զինադադար ունենալ, բայց Փաշինյանը մերժեց» քարոզչությունը